Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ երկկողմ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարություններն իրականում նշանակում են ուղղակի ռազմական առճակատման մեջ մտնելու կոչ, որը չի բխում վրաց ժողովրդի շահերից: Նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այդ մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Նախօրյակին Եվրամիությունը կոչ էր արել Վրաստանին՝ որպես Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի հավակնորդ, միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի ու մյուս երկրների պատժամիջոցներին և ուշադիր լինել պատժամիջոցները շրջանցելու ցանկացած փորձի նկատմամբ։
«Հիմնական սկզբունքները երկուսն են. Վրաստանն ապահովում է, որ մեր տարածքը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար, և Վրաստանը երկկողմ պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի որ դա կարող է առաջացնել իրավիճակի էսկալացիա, իսկ էսկալացիայի վերջում կարող է առաջանալ ուղղակի ռազմական հակամարտություն, որը չի բխում Վրաստանի ժողովրդի շահերից», – հայտարարել է Պապուաշվիլին։
Նա վտանգավոր է անվանել ՌԴ-ի դեմ երկկողմ պատժամիջոցների սահմանումը:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Վրաստանը պետք է երկկողմ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, իրականում ասում են, որ Վրաստանը պետք է վտանգի ենթարկվի՝ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման մեջ մտնելով», – լրագրողներին հայտարարել է Պապուաշվիլին։
Ինչպես պարզաբանել է խորհրդարանի նախագահը, այցագրային ռեժիմի չեղարկմամբ և երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնմամբ Ռուսաստանը հանել է պատժամիջոցները, որոնք օգտագործում էր Վրաստանի քաղաքացիներին պատժելու համար։
«Ինչպե՞ս կարելի է խուճապ բարձրացնել, դրա հետ կապված սկանդալներ սարքել… Ընդհակառակը, պետք է հանվեն բոլոր այն պատժամիջոցները, որոնք գործում են Վրաստանի դեմ, քանի որ Վրաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցներն անարդարացի են, և կարևոր է, որպեսզի այդ պատժամիջոցները շուտափույթ չեղարկվեն», – ասել է Պապուաշվիլին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 10-ի հրամանագրով հանվել է Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը և չեղարկվել է տուրօպերատորներին ու տուրիստական գործակալներին Վրաստան տուրեր վաճառելուց զերծ մնալու հանձնարարականը։ Նաև մայիսի 15-ից Ռուսաստանը վերացնում է այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Վրաստան կկարողանան թռիչքներ կատարել միայն այն ավիաընկերությունները, որոնք չեն հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։









































