Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանին անդրադարձել է Լարսում առաջացած խնդիրներին։
Նա նշել է, որ ժամանակ առ ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում Լարսի անցակետում, բայց հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Լարսի անցակետում ամեն ուղղության վրա երեք ճանապարհ կար, իսկ հիմա 11 ճանապարհ կա․ «Դա մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, մեր և մեր ՌԴ գործընկերների համատեղ աշխատանքի և սերտ աշխատանքի ես կասեի, որի արդյունքում հնարավոր եղավ բավականին կարճ ժամանակահատվածում գործընկերների հետ աշխատանքի արդյունքում էապես ընդլայնել թողունակությունը»,-ասել է ։
Հազարավոր բեռնատարներ այսօր էլ մնացել են Վրաստանում՝ գյուղմթերքով ու հեղուկ գազով բեռնված, ինչի հետևանքով հազարավոր տնտեսվարողներ լրջագույն խնդիրներ առաջ են կանգնած։ Նախարարը նշումէ , որ շատ դժվար է այդտեղ մեծացնել անցուղիները, որովհետև կիրճը նեղ է և լրացուցիչ ինժեներական հնարքներ են հարկավոր, որպեսզի կարողանան դա անել։
«Մենք մեկ տարվա ընթացքում ավելացրել ենք երկրորդ մաքսազերծման զոնան՝ մի քանի 100 մեքենայով, էապես շատացրել ենք անցուղիների քանակը և միջինով, կարող եմ ասել, որ այսօր մենք ունենք անհամեմատ ավելի բարենպաստ վիճակ, քան մեկ տարի առաջ, երբ 20-30 օրով էին մեքենաները կանգնում»,- ասաց Վահան Քերոբյանը։ Նա նշել է, թե չի ասում, թե գոհ է այսօրվա վիճակից․ «Մեր նպատակն է այնպես անել, որ Հայաստանը լոգիստիկ առումով շատ լավ կապված լինի աշխարհի հետ»։
Բեռնափոխադրող ընկերության ղեկավար Վարուժան Քոլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե ուզում ենք լուծում տեսնել, պետք է լինի ժամկետների կրճատումը, և կապ չունի մեկ թե վեց գիծ է աշխատում․
«Եթե բեռնատարը 15-20 օրում է անցնում, դա բարելավում չի կարելի դիտարկել, հերթը որպես այդպիսին չի պակասել։ Այստեղ ուրիշ հարց կա՝ վերջին երկու օրվա մեջ շրջանցիկի վրա մեքենա չկա կանգնած, պակասել են մեքենաները, հերթն այս պահին սկսվում է Նատախտարիից այս կողմ, այսինքն՝ մոտավորապես Ջիվանի գյուղի հատվածում։ Վերջին երկու-երեք օրվա մեջ է սա եղել շարժը՞,-ասաց Քոլյանը։
Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ բեռնափոխադրողի, կա որոշակի փոփոխություն, քանի որ նախորդ տարի ավելի բարդ էր վիճակը․
«Մինչև շրջանցիկի ներքևը մեքենաները կանգնած էին, 20 օրում էին հասնում Լարս, բայց նախորդ տարի նկատի ունեցեք, որ այս սեզոնի մասին չէ խոսքը։ Սա էլ պետք է դիտարկել, այսինքն՝ նախորդ տարի այս ժամանակաշրջանում չունեինք այդպիսի հերթեր։ Այս պահին բանջարեղենը դեռ քիչ է, արտահանումը դեռ համեմատաբար քիչ է, համեմատած հունիս ամսվա հետ։
Եթե այս տեմպով շարունակվի, ամռանը մենք հսկայակական խնդիրներ ենք ունենալու բանջարեղենի արտահանման հետ կապված։ Պատկերացնո՞ւմ եք ՝15-20 օր հերթի մեջ կանգնի ծիրանով բեռնված մեքենան։ Բայց ուզում եմ նշել, որ որոշակի թեթևացում կա բեռների, ի տարբերություն մեկ -երկու շաբաթվա իրավիճակի»,-ասաղց Քոլյանը։
Նա հավելեց, որ այս պահին էլ իրենց ընկերության մեքենաները հերթի մեջ են, այս պահին էլ, պարզապես շարժը մեծացել է, և եթե նախորդ անգամ բեռնատար մեքենան անցել է 10 օրում, հիմա կանցնի 6-7 օրում։







































