Ըստ մամուլի հրապարակումների՝ ԲԴԽ-ն ծանուցումներ կուղարկի Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածություններ առաջարկել:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամներ՝ Սերգեյ Չիչոյանը և Անի Մխիթարյանը կլքեն իրենց պաշտոնները, քանի որ լրանում է պաշտոնավարման ժամկետները:
Ստեփան Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը ևս լրանում է ապրիլին, սակայն նա նախընտրել էր ավելի շուտ դիմում գրել և հեռանալ ԲԴԽ անդամի բարձր պաշտոնից:
Այսպիսով, ԲԴԽ գիտնական անդամների բոլոր թափուր տեղերն այսօրվա դրությամբ լրացված են, իսկ դատավորների համար նոր պայքարի դաշտ է բացվում:
Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա բնականոն պրոցես է, ժամկետը լրանում է, պետք է հեռանան, ռոտացիոն կարգով մյուսները գան. «Թող դատավորների միությունն իր ժողովն անի, դատավորներին ընտրեն ու առաջադրեն: Ես որքան գիտեմ դատավորներին ծանուցումներ ուղարկելու կարգ չկա, դատավորները պարզապես հավաքվում են, առաջադրվում են, քվեարկում են, ժողովից դուրս են գալիս»:
Հարցին, թե ԲԴԽ նախագահի փոփոխությունից հետո զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք կան որակական փոփոխություններ, նա պատասխանեց. «Ոչ, մենք դեռ առաջընթաց չենք նկատում»:
Ինչ վերաբերում է նրան, որ Կարեն Անդրեասյանը դեռ արդարադատության նախարար եղած ժամանակվանից անընդհատ խոսում է դատական բարեփոխումների մասին, արդյոք փոփոխություններ չկան այդ ոլորտում, Սիրունյանն արձագանքեց. «Ես իրավական համակարգում եմ 1993թվականի սեպտեմբերից, երբ համալսարանն ավարտեցի, ինձ նշանակեցին դատախազ: Դա ուղիղ 30 տարի առաջ էր, ես գիտե՞ս քանի դատական բարեփոխում եմ տեսել, երևի 5-7 հատ: 30 տարի շարունակ անընդհատ դատական համակարգը բարեփոխվում է, էլ ինչքա՞ն է դա լինելու, էլի մի 30 տարի շարունակվելո՞ւ է: Կարո՞ղ է ես վերջապես իմ աչքով տեսնեմ այդ բարեփոխումը: Հա բարեփոխում են, դատախազությունը բարեփոխում են, դատարանները բարեփոխում են, քննչականը բարեփոխում են, ոստիկանությունը բարեփոխում են, միացնում են, անջատում են, հետո՞, ինչքա՞ն:
Էդ որ ասում եք՝ կբարեփոխենք, լավ եք անում, մենք էլ ենք ուզում, որ բարեփոխեք, քանի որ դատախազության աշխատանքից էլ ենք դժգոհ, ոստիկանության էլ, դատարաններից էլ: Իսկ ռազմավարությունը որևէ մեկը տեսե՞լ է, թե ինչի համար ենք բարեփոխում, ի՞նչն է վատ, որ բարեփոխում են: Փո՞ղ են վերցնում, անարդա՞ր են դատում, կանայք քի՞չ են, որն է պատճառը»:
Նա նաև նկատեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հատկապես երկրորդ ժամկետի ժամանակ որոշակի դրական բաներ տեղի են ունեցել. «Իմ բոլոր քաղաքական հայացքներով հանդերձ, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հատկապես երկրորդ ժամկետի ժամանակ դատարանը համալրվեց լիքը լավ դատավորներով: Նրա երկրորդ պաշտոնավարման ժամանակ դրված էր դատավորի աշխատելու հետևյալ կանոնը. Եթե մի բանը օրինական կարող ես անել՝ արա, իմացել ենք փող ես վերցրել, մատներդ կջարդենք: Ճիշտ է, պետպատվերներ եղել են, մենք բոլորս դրանք գիտենք, բայց դատավորների առաջ դրված էր այդ կանոնը, որը շատ լավ կանոն էր: Կոպիտ ասած, հարամ գործով փող վերցրու, բայց մի բանը, որ կարող ես օրինական անել, արա: Ու անում էին: Սերժ Սարգսյանի օրոք մենք հարկայինի խոշոր գործեր ենք շահել, ջրել է դատարանն առանց կոպեկի: Այն ժամանակ էլ էին մարդկանց արդեարացնում, ում անմեղ ուզում էին դատել: Դրա համար ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն եք բարեփոխում:
Հիմա խաղամոլ դատավորին գործից չեք հանում, բայց նորմալ դատավորին հանում եք: Թմրամոլ դատավորին չեք հանում, դատավորին, որ սիրածից երեխա ունի զագսով գրանցված, չեք հանում, դրա համար բերեք հասկանանք՝ ինչ եք ուզում: Ես կարող եմ անուններ էլ տալ, բայց կնեղանան»,-ընդգծեց փաստաբանը:
Նա անդրադարձավ նաև ամիսներ առաջ կալանքի դատարանների ստեղծմանը. «Ամիսներ առաջ կալանքի դատարան ստեղծեցին հետո փակեցին. հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ստեղծեցիք,ինչո՞ւ փակեցիք: Հակակոռուպցիոն դատարան ստեղծեիք, շատ լավ գաղափար է: Բա եթե դա հակակոռուպցիոն դատարան է, բա մնացած դատարաններն ի՞նչ են, կոռուպցիո՞ն: Ինչու են առանձնանցում հակակոռուպցիոն դատարանը և ասենք, չունենք բժշկական դատարան: Քրեական օրենսգրքում մոտ 20 հոդված կա բժշկության մասին: Դե եկեք բժշկական դատարան ստեղխենք: Տեսա՞ք, հենց նոր ռազմավարություն մշակեցինք»:







































