«Երևանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային փառատոնը (նախկին «21-ի հեռանկարներ» փառատոն) իր աշնանային համերգաշարը կսկսի սեպտեմբերի 15-ին: «Մեկ շաբաթվա ընթացքում երկու իրադարձային մեծ համերգ կունենանք: Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-16-ը Երևան կժամանի աշխարհահռչակ Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբը՝ հայտնի երաժիշտներով ու դիրիժորով, սեպտեմբերի 19-ին`Վալերի Գերգիևը Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը` ընդգծելով, որ սպասվում է համերգառատ աշուն:
Նա հայտնեց նաև, որ Երևան կժամանեն նաև «Հայդն» լարային քառյակը` աշխարհի լավագույն քառյակներից մեկը, այնուհետև սպասվում է Ցուկերմանի մենահամերգը: «Դասական համերգները կշարունակվեն մինչև նոյեմբեր»,- տեղեկացրեց նա:







































