Ինչպես հայտնում է newsru.com-ը` հղում անելով SecurityLab-ին, Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հետազոտել են կրեդիտային քարտերի գաղտնաբառերը գողանալու հանցագործների նոր մեթոդը և եկել այն եզրակացության, որ ինֆրակարմիր տեսախցիկների միջոցով հնարավոր է իմանալ մարդկանց կրեդիտային քարտերի գաղտնաբառերը` նույնիսկ հեռավորության վրա: Բանն այն է, որ բանկոմատի թվերը, որոնք մարդը սեղմում է, տաքանում են, և ինֆրակարմիր տեսախցիկը հստակ տարբերակում է մի փոքր տաքացած թվերը մյուսներից: Բացի այդ, տեսախցիկը կարող է ցույց տալ նաև սեղմված թվերի հաջորդականությունը: Ինֆրակարմիր տեսախցիկում վերջին սեղմած թիվն ամենատաքն է:
Պարզվել է, որ հանցագործներն, օգտագործելով այս մեթոդը և հակառակ հաջորդականությամբ հավաքելով թվերը, հստակ իմացել են մարդկանց կրեդիտային քարտերի գաղտնաբառերը: Սակայն ինֆրակարմիր տեսախցիկը կարողանում է ցույց տալ սեղմված թվերը շատ կարճ ժամանակ, քանի որ բանկոմատի թվերն արագ վերականգնում են իրենց նախկին ջերմաստիճանը:









































