Երևանն ու Բաքուն փաստորեն անսացին Վաշինգտոնի պարբերական հորդորներին և բարձր մակարդակով նստեցին սեղանի շուրջ: Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպում: Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Դրանից հետո Վաշինգտոնում 2022-ի նոյեմբերին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում էլ սպասվում էր Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն դա տեղի չունեցավ՝ կողմերի արդեն բավականին հայտնի դիրքորոշումների պատճառով, ինչի մասին նրանք արտահայտվել են բազմիցս և չկա կրկնելու կարիք: Դեկտեմբերի 10-ից փակ է Լաչինի միջանցքը: Այդ ընթացքում, ԱՄՆ պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ Երևանն ու Բաքուն պետք է հարցը լուծեն բանակցությամբ:
Հայաստանը պարբերաբար հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հարցով չունի բանակցելու ոչինչ, քանի որ այդ հարցում կա նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով հստակ սահմանված պարտավորությունը՝ Ադրբեջանը պետք է ապահովի միջանցքի ազատ տեղաշարժը, իսկ միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո: Հիմա, երբ Վաշինգտոնի հովանու ներքո տեղի է ունենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում, դա նշանակու՞մ է, որ Երևանը որոշակիորեն նահանջել է իր դիրքից, թե՞ Մյունխենի հանդիպմանը որևէ քննարկման առարկա չի եղել Լաչինի հարցը: Այդ դեպքում ի՞նչ է քննարկվել: Հանդիպումից առաջ եղել է ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցները թե Փաշինյանի, թե Ալիևի հետ: Ավելին, հունվարի 23-ին Բլինքենը խոսել էր Ալիևի հետ և նրան հորդորել անհապաղ վերականգնել միջանցքի երթևեկությունը: Բայց, այն առ այսօր արգելափակված է: Ավելին, արգելափակված է նաև էներգիայի մատակարարումը, իսկ գազը Ադրբեջանը բաց է թողնում այսպես ասած «խաղալով փականի հետ»: Մոտ մեկ ամիս անց Մյունխենում տեղի է ունենում հանդիպում: Ո՞րն է լինելու դրա արդյունքը: Պետք է նաև նկատի առնել, որ իրադարձությունների համատեքստը անշուշտ ավելի լայն է: Բայց, այդ լայնության մեջ մեզ իհարկե հուզում է երկու հարց Արցախի ապաշրջափակում և Հայաստանի ու Արցախի անվտանգություն, ռեգիոնալ կայունություն: Հնարավո՞ր է երկուսն էլ, թե՞ իրողություններն այնպիսին են, որ հարցը ներկայումս այդ առումով դրված է կամ-կամ տրամաբանության շրջանակում, գուցե ոչ բարձրաձայնված, բայց դե ֆակտո՝ այդ տրամաբանության մեջ:









































