Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով , թուրք-ադրբեջանական ռազմաարդյունաբերական համատեղ նախագծերի քողի տակ Թուրքիան իրականում ուղղակի ռազմական միջոցներ է մատակարարում Ադրբեջանին: Նախիջևանում ռազմական բազա ստեղծելու մասին թուրքական հայտարարությունները, ըստ Լևոն Հովսեփյանի, վտանգավոր են Հայաստանի համար: «Թուրքիայի պաշտոնյաները հայտարարում են, թե Նախիջևանը գտնվում է շրջափակման մեջ, և անհրաժեշտ է, որ այնտեղ գոյություն ունենա թուրքա-ադրբեջանական ռազմաբազա: Ռազմաբազան դեռևս գոյություն չունի, սակայն ոչ ֆորմալ առումով Նախիջևանում գործում է թուրք սպայական կոնտինգենտ»: Հովսեփյանի կարծիքով, ռազմաբազայի գոյությունը դեռևս կյանքի չի կոչվել, քանի որ ստիպված են հաշվի առնել տարածաշրջանի մյուս դերակատարների` Ռուսաստանի և Իրանի շահերը: