ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց, որ օգոստոսի 26-ին «Եղնիկներ» զորամասում սպանված ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի գործն անձամբ իր և պաշտպանության նախարար Սայրան Օհանյանի հսկողության տակ է:
Գասպարյանը փոխանցեց, որ այս պահի դրությամբ արդեն կան ձերբակալվածներ, սակայն գործի շահերից ելնելով անուններ չեն հրապարակվում: Նա նշեց, որ հնարավոր է առաջիկայում լինեն ձերբակալվածներ նաև սպայական կազմից:
«Ոչ ոք չի պատրաստվում իր վրա վերցնել անմեղ զինվորի արյունը և բոլորը պատժվելու են խստագույնս՝ լինեն զինվորներ, թե սպայական անձնակազմի անդամներ»:
Պաշտպանության նախարարի տեղակալի խոսքերով՝ գործի շահերից ելնելով այս պահին ավել ինֆորմացիան չեն կարող տրամադրել և առաջիկա երկու օրերին ավելի հստակ տեղեկատվություն կլինի:








































