Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մոտ երեք ժամ տևած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որում ընդգծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։ Պաշտոնական Երևանը վերահաստատել է, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։
Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն էլ, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն:
Ըստ էության ՝ շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո Երևանը և Բաքուն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդել։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Գելա Վասաձեին։
-Հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարարի հյուրընկալությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, ի՞նչ հետաքրքրություն ունի այս հարցում Վրաստանը կամ ինչու հենց Վրաստանի միջնորդությամբ։
-Վրաստանն այս դեպքում միայն հանդիպման վայրն է, իմ կարծիքով՝ շատ հարմար վայր։ Բայց ոչ ավելին։ Մեր գործը համեղ սուրճ և թեյ պատրաստելն է և բանակցությունների համար ամենահարմար պայմաններ ստեղծելը։ Վրաստանի ներգրավումն այս ձևաչափին անխուսափելի է, բայց միայն այն բանից հետո, երբ կլուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները։ Այդ ժամանակ է, որ տարածաշրջանը լիարժեք կյանքով կապրի, և ես՝ որպես անուղղելի լավատես, հավատում եմ դրան։
–Կա տեսակետ, որ սա Վրաստանի ձեռքերով Եվրամիության նախաձեռնությունն է և չի բացառվում, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Երևան և Բաքու հենց այս նպատակն ուներ։ Ինչքանո՞վ է դա հավանական։
-Չեմ կարող ասել, արդյոք դա այդպես է , բայց տեսեք՝ Հայաստանն ու Ադրբեջանն են ամենաշատը շահագրգռված նման հանդիպումներով, ուստի կարծում եմ՝ ով էլ հանդես գա երկկողմ ձևաչափի նախաձեռնությամբ, սա ճիշտ ու լավ նախաձեռնություն է։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ այն շարունակություն կունենա:
–Ադրբեջանի նախագահը հայտարարում, որ իրենք ձևավորել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքային խումբ։ Ինչքանո՞վ եք իրատեսական համարում այդ խաղաղությունը, արդյոք հնարավոր է նման պայմանագրի կնքումը։
-Կարծում եմ, որ այժմ այդ հնարավորությունն ավելի մեծ է, քան երբևէ։ Առանց միջնորդների ուղղակի բանակցությունների փաստը մեծ հնարավորություններ է ընձեռում կողմերի ամենահամարձակ նախաձեռնությունների և առաջարկությունների համար։ Ուստի, իմ կարծիքով, այժմ ամեն ինչ կախված է Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններից
–Ինչպե՞ս Ռուսաստանը կվերաբերի արևմուտքի, այդ թվում նաև Վրաստանի այդ միջնորդական քայլերին, հնարավո՞ր է այս հարցում զիջում լինի։
-Վրաստանը միջնորդ չէ և չի էլ կարող լինել. Դրանք ուղղակի բանակցություններ են։ Ռուսաստանը սովոր է լինել հակամարտությունների կառավարիչ. Հուսով եմ՝ ժամանակն է, որ նա հրաժարվի այդ դերից։










































