«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։
–Պարոն Օհանջանյան, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը ղարաբաղյան հակամարտության թեմայով իր ելույթի ժամանակ հատարարել է, որ Կովկասում ղարաբաղյան խնդրից հետո բոլոր երկրները պետք է համախմբվեն։ Նա ասել է, որ նման կոչ են արել նաև Հայաստանին։ Արդյոք ղարաբաղյան խնդիրը լուծված է և ինչքանով է հնարավոր այդ համախմբումը։
–Միանշանակ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գլխավորած ագրեսորների կոալիցիայի ռազմական հաղթանակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ 2020 թվականի պատերազմի ժամանակ, որն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք առաջնորդների հայտարարության ստորագրմամբ, չլուծեց խնդիրը, ինչպես դա կցանկանային ներկայացնել Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կայանում է նրանում, որ այդ երկրները չեն ցանկանում ընդունել և հարգել մեր ժողովրդի ընտրությունը՝ ապրելու իրենց ձևով և հայեցողությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ինչ վերաբերում է նախկին առճակատման տարածաշրջանում բարեկամական հարաբերություններ հաստատելու թուրքական ղեկավարության ցանկությանը, ապա կարծում եմ, որ մենք պետք է սովորենք ապրել բարիդրացիության մեջ՝ չմոռանալով գլխավորը՝ վերականգնելով ոտնահարված ազգային արժանապատվությունը, որն արտահայտված է մեր իրավունքում։Միևնույն ժամանակ անհնար է ապրել և զարգանալ՝ ունենալով հարևանների հանդեպ ատելության։ Բայց նորմալ հարաբերություններ, կրկնում եմ, չպետք է կառուցվեն ազգային շահերը փոխարինելու դիմաց։
-Նրա խոսքով՝ լեզվական, կրոնական ու ռասսայական տարակարծությունները մեզ ոչ թե բաժանող, այլ միավորող հատկանիշներ պետք է լինեն։ Արդյոք դա իրատեսական եք համարում՝ հաշվի առնելով թե՛ ցեղասպանության չճանաչված լինելու հանգամանքը և թե՛ արցախյան պատերազմում մեր կորուստները։
–Ես կարծում եմ, որ մենք պետք է նորմալ հարաբերություններ հաստատենք թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ։ Աշխարհում տեղի ունեցող գործընթացներից մեկուսացված ապրել հնարավոր չէ։ Անհնար է չնկատել մեր հարևաններին, ովքեր մեր հանդեպ բարիդրացիական տրամադրվածություն չունեն։ Պատերազմից հետո մենք ուժասպառ ենք և մոտ ապագայում չենք կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել ենք։ Անհրաժեշտ է երկխոսություն սկսել մեր երկրների հասարակությունների բոլոր մակարդակներում։ Ի վերջո, բարիդրացիական հարաբերություններ ունենալը չի նշանակում դավաճանություն ազգային շահերին։ Ընդհակառակը, երկխոսության, նորմալ հարաբերությունների հաստատման մեջ կա մեկ այլ կողմ, որը թույլ կտա, որ Թուրքիայում և Ադրբեջանում ավելի ու ավելի շատ մարդիկ հասկանան մեր ժողովրդի ողբերգությունը։ Ի վերջո, քանի՞ մեծ թուրքեր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը հենց պատմությանը ծանոթանալով։ Գերմանիայի և Շվեդիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հնարավոր չէր լինի առանց այդ երկրներում ծագումով թուրք պատգամավորների ակտիվ աջակցության։ Խաղաղապահության ոլորտում իմ աշխատանքի փորձից ես հանդիպեցի նաև փաստերի, երբ Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդների ներկայացուցիչները սկսեցին հասկանալ մեր խնդիրը և դադարեցին ագրեսիա արտահայտել… Մի խոսքով, պետք է խոսել և չվախենալ հարաբերությունների նորմալացումից։ Բայց սա ոչ մի կերպ չպետք է փոխարինի ազգային հիմնական օրակարգին։
-Երբ Թուրքիան ու Ադրբեջանը խոսում են խաղաղության մասին, ինչքանո՞վ են անկեղծ իրենց ձգտումներում և ինչքանո Ռուսաստանը թույլ կտա այդ խաղաղությունն այս տարածաշրջանում։
–Պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքը. Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանի օրհնությամբ ստացան առավելագույնը՝ 2020 թվականի ռազմական գործողության ժամանակ ջախջախելով հայ ժողովրդի կամքը։ Միակ բանը, որին չհասան՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիան էր՝ Ղարաբաղը և Հայաստանի մի զգալի հատվածը, որը վերջնական կործաներ ողջ հայ ժողովրդի կամքը, որն, անկեղծ ասած, իրեն դրսևորեց ամենատգեղ ձևով։ Դրանում մեղավոր են Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները և Նիկոլ Փաշինյանի բացարձակ ոչ պրոֆեսիոնալ և ապազգային իշխանությունը, որը շարունակում է գործել նույն ոգով։ Ռուսաստանը հանուն իր պետական շահերի փրկեց իրավիճակը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լիակատար պարտությունից՝ թույլ չտալով, որ իրականանա երկու թյուրքական պետությունների երազանքը։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո վեճերը ռազմական ճանապարհով չլուծող երկրների ընդլայնումը, կարելի է Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչների խոսքերը խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման մասին՝ դիտարկել «ազնիվ»։ Թուրքիան և Ադրբեջանը լավ գիտեն, որ անհրաժեշտ է իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Դա լավ է նրանց համար, և դա լավ է մեզ համար: Ներկա փուլում դա ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Թեև Ռուսաստանը և Իրանը կցանկանային լարվածություն ունենալ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում՝ թյուրքալեզու երկրների շահերից տարբերվող իրենց օրակարգերը առաջ տանելու համար։ Ռուսաստանն այժմ չափազանց զբաղված է Ուկրաինայով և գտնվում է պատժամիջոցների բեռի տակ, նրա փրկությունն այսօր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով, ուստի Ռուսաստանը կձևացնի, թե դրական է վերաբերվում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների բարելավմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բայց երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ամեն ինչ կանի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելու համար։ Եվ վերջում ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պետք է բոլոր մակարդակներով շփվենք միմյանց հետ, հիմնենք փոխշահավետ նախագծեր։ Նրանք մեր հարևաններն են և միշտ կլինեն մեր հարևանները, բայց միևնույն ժամանակ մենք չպետք է մոռանանք մեր ժողովրդի գլխավոր օրակարգի՝ ազգային արժանապատվության վերականգնման մասին։








































