Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, Հայ ազգային կոնգրեսի քայլը՝ առկախել երկխոսությունը, իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակ ունի և ցույց տալու, որ երկխոսություն նախաձեռնողը ՀԱԿ-ն է և ոչ թե իշխանական թևը, և հենց ՀԱԿ-ն է որոշում՝ կլինի երկխոսություն, թե ոչ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Ադիբեկյանը նշեց, որ երկխոսությունը շարունակելու լուրջ խոչընդոտ չկար, և առկախումը պարզապես քաղաքական քայլ էր, որով ՀԱԿ-ը երկար ժամանակ կմնա հանրային կարծիքի կիզակետում:
Այդուամենայնիվ, ըստ սոցիոլոգի, երկխոսության առկախումից հետո ՀԱԿ-ը չի կարող հասնել արտահերթ ընտրությունների, քանզի դրա կարիքը չկա, ինչպես նաև դրա համար նախապատրաստական մեծ փուլ է պետք, ինչի համար ժամանակ չկա: Ադիբեկյանը նաև նկատեց, որ շատ դժվար է ասել, թե ինչ է անելու ՀԱԿ-ը սեպտեմբերին, եթե զանգված չհավաքվի: Նրա խոսքերով, ՀԱԿ-ի այս քայլից հետո մեկ ու կես ամիս ժամանակ է պետք, որպեսզի պարզ լինի հանրության գնահատականն ու վերաբերմունքը. «Մեկ ու կես ամիս հետո նոր մենք կարող ենք չափել երկխոսության առկախման հետքերը, եթե իհարկե, այն հետք թողնի, քանզի շատ հնարավոր է, որ այս ամենը շատ սովորական անցնի»:









































