Չնայած համավարակի վերջնագծին մոտենալուն, այդ ժամանակաշրջանում բուռն զարգացում ապրած e-commerce-ի /անգլերենից թարգմանությամբ՝ «էլեկտրոնային կոմերցիա» շուկան պահպանում է իր աճի տեմպերը: Այդ շուկայի հիմնական շարժիչն է հանդիսանում e-grocery–ն, որն իրենից ներկայացնում է առօրյա պահանջարկ վայելող ապրանքներ, նախ և առաջ՝ սննդամթերքի առևտուր: Եվ չնայած Հայաստանում այդ բնագավառը դեռ նոր է զարգանում, այն խոստումնալից հեռանկարներ ունի՝գտնում է ռուսաստանահայ գործարար, Vprok.ru Перекрёсток սերվիսի (նախկինում՝ Perekrestok.ru առցանց հիպերմարկետի) կառավարիչ տնօրեն Լեոնիդ Դովլադբեգյանը:
— Ի՞նչ ենք հասկանում E-commerce տերմինի տակ, և ի՞նչ է տեղի ունենում այդ ոլորտում հիմա:
– E-commerce հասկացությունն օգտագործվում է բոլոր այն հարթակներն ու սերվիսները մատնանշելու համար, որտեղ գործարքները կատարվում են առցանց ձևաչափով: Դա վերաբերում է ոչ միայն հագուստ, սնունդ կամ կահույք գնելուն, այլ նաև բջջային հավելվածների, տոմսերի, ապահովագրության և շատ այլ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարումներին: Էլեկտրոնային կոմերցիան գնման գործընթացը դարձնում է ավելի արագ և հարմար. բավական է առցանց ապրանքն ընտրել և վճարել, որից հետո այն անհրաժեշտ վայրը կհասցնեն, կամ էլ դուք ապրանքը միանգամից կստանաք, եթե խոսքը գնում է, օրինակ, էլեկտրոնային սերտիֆիկատի մասին:
Բնագավառը չափազանց արագ է զարգանում՝ առաջանում են ռոբոտացված տեխնոլոգիաներ, մեկ հավելվածում մի քանի ծառայություն միավորող սուպեր-հավելվածներ: Ժամանակի ընթացքում այս ամենը հասանելի է դառնում ավելի ու ավելի ընդարձակ լսարանի համար:
E-commerce-ի զարգացմանը զարկ տվեց համավարակը՝ մարդիկ բախվեցին համացանցում ապրանքներ պատվիրելու անհրաժեշտությանը, և ռիթեյլերները ստիպված եղան շտապ կարգով կազմակերպել առաքումների հետ կապված աշխատանքը: Այդ ժամանակաշրջանում e-commerce բնագավառի շարժիչ ուժը դարձավ սննդամթերքի, ընպելիքների, երեխաների, կենդանիների համար իրերի, կենցաղային քիմիայի, մի խոսքով՝ ամենօրյա պահանջարկ վայելող ապրանքների առևտուր հանդիսացող e-grocery հատվածը: Դա է փաստում, օրինակ, Morgan Stanley Stronger for Longer in Global eCommerce ուսումնասիրությունը:
— Հայ հասարակությունում առկա՞ է արդյոք e-grocery ծառայությունների պահանջարկ:
– Ներկա դրությամբ Հայաստանում սննդամթերք գնելու ամենամեծ ճանաչում վայելող եղանակ է մնում տան մոտակայքում գտնվող սուպերմարկետը: Դրա պատճառները տարբեր են՝ և՛ կայունացած սովորությունները, և՛ սոցիալական-տնտեսական վիճակը, քանի որ ոչ բոլորն ունեն պաշարացու գնումների համար դրամական միջոցներ: Դրա հետ մեկտեղ խոշոր միջոցառումներին մարդիկ նույնպես նախընտրում են պատրաստվել, գնումներ կատարելով ոչ թե առցանց, այլ մեծածախ-մանրածախ կետերում, օրինակ՝ «Փեթակում» կամ «Սուրմալույում»:
Մյուս կողմից, ակնհայտ է նաև նոր միտումների երևան գալը: Շարունակում է նվազել խոշոր շուկաների հաճախելիությունը: Համավարակի ժամանակահատվածում խոշոր ռիթեյլերներից ոմանք կազմակերպեցին առաքում, այնպես որ մեծ թվով մարդիկ կարողացան օգտվել առցանց ծառայություններից և գնահատել դրանց հարմարությունը: Հասկանալի դարձավ, որ e-grocery պահանջարկը հասարակությունում առկա է: Նոր տեխնոլոգիաներ են առաջ գալիս, IT-բիզնեսն է զարգանում, երկիր են ժամանում բարձրորակ մասնագետներ, կյանքի դինամիզմը աճ է ապրում: Այс ամենը պատճառաբանում է նաև սպառողների պահանջարկների փոփոխությունը: Եվ գործարարն այդ համատեքստում պետք է ճկունություն դրսևորի, իր աշխատանքի ձևաչափն ադապտացնի նոր իրականության թելադրանքներին:
— E-grocery-ի հայաստանյան շուկայում բիզնեսի համար ինչպիսի՞ հեռանկարներ կան: – E-grocery-ի հայաստանյան շուկայում առաջարկի ծավալը դեռևս ցածր է, այդ խորշը մնում է համեմատաբար ազատ: Սննդամթերքի առցանց վաճառքով հիմնականում խոշոր ցանցերն են զբաղվում, և ձևաչափով դա ավելի շուտ օֆլայն-խանութների առցանց տարբերակներ են: Կան ռիթեյլերներ, որոնք միայն տեղ հասցնելու ուղղությամբ են աշխատում: Սակայն դեռ վաղ է խոսել ամբողջ ծավալը ծածկելու մասին: Բացառապես համոզված եմ, որ մոտ ապագայում Հայաստանում կհայտնվեն էկոհամակարգ-ընկերություններ, միաժամանակ ամրապնդվելու է մեկ վայրում կենտրոնացված բազմազան ծառայություններով մուլտի ուղղահայաց ծառայությունների միտումը: Այնպես որ կարելի է պնդել, որ այդ հատվածում զարգացման ներուժը զգալի է:
— COVID-ով հիվանդացության տեմպերի նվազումն արդյոք չի՞ ազդել առաքման առցանց սերվիսների հանդեպ մարդկանց կարիքների վրա:
– Չնայած հիվանդացության տեմպերի նվազմանը և սահմանափակումների չեղարկմանը, մարդիկ չեն ձգտում հրաժարվել այդպիսի սերվիսներից: E-commerce հատվածում ներբեռնվող մոբայլ հավելվածների քանակը և դրանցում ամցկացվող ժամանակը ավելանում է: Իրավիճակը կարող է փոփոխվել, կախված տարածաշրջանից և այլ գործոններից, սակայն ընդհանուր առմամբ հետազոտությունները հաստատում են, որ համավարակի ժամանակահատվածի ընթացքում առցանց սերվիսների օգտագործումը, ներառյալ սնունդ առաքելու սերվիսների, շատերի համար հասցրել է սովորություն դառնալ: Դա արձանագրվում է նաև Հայաստանում:
— Որպես հայազգի ձեռնարկատեր, արդյոք ունե՞ք մեր երկրում այդպիսի գործունեություն զարգացնելու ծրագրեր:
– Գտնում եմ, որ e-commerce բնագավառն այստեղ խոստումնալից ներուժ ունի, ուստի, հաշվի առնելով հիշատակված գործոնները, դիտարկում եմ մոտ ապագայում Հայաստանի ֆուդտեխ-ստարտափերում ներդրում կատարելու հնարավորություն: Տեղի այլ խաղացողների հետ միասին, ովքեր ինձ նման հայազգի գործարարներ են, ունեն տեղի շուկայում, ինչպես նաև Ռուսաստանի ու Եվրոպայում e-commerce ծրագրերում աշխատելու փորձ, մշակում ենք Երևանի տարբեր շրջաններում, հնարավոր առավել բարձր պահանջարկ վայելող վայրերում սննդամթերքի առաքման սերվիսների թեստավորման ծրագրեր: Մեզ համար կարևոր է խորապես ուսումնասիրել շուկան, ստանալ առաջին արդյունքները, որպեսզի հետո աստիճանաբար ավելացնենք աշխատանքի մասշտաբները:
— Եթե ընդհանուր վերցրած շուկայի մասին խոսենք, ապա ինչպիսի՞ ձևաչափերով են այժմ գործում e-grocery ծառայությունները:
– E-grocery բնագավառը սկսել է զարգանալ պաշարացու՝ մեծ ծավալներով գնումներից: Իսկ վերջին ժամանակներս աճում է գնորդին «այստեղ և հիմա» անհրաժեշտ ոչ մեծ պատվերների մասնաբաժինը: Տարբեր տեսակի կարիքները ռիթեյլերներից տարբեր լուծումներ ու աշխատելու ձևաչափեր են պահանջում: Համառոտ պատմեմ դրանց մասին:
Աձաջին ձևաչափը, պաշարացու գնումները, խոշոր ռիթեյլերներն են օգտագործում: Նրանք գնորդներին ներգրավում են լայն տեսականու շնորհիվ, բայց կարող են տանուլ տալ այլ պարամեтրերով, նախ և առաջ պահեստներից ապրանքները տեղ հասցնելու հարցում, քանի որ այդ պահեստները չափսերի պատճառով սովորաբար գտնվում են ծայրամասերում: Բարդ լոգիստիկայի պատճառով այդպիսի ձևաչափը պահանջում է առանձնապես մանրակրկիտ կազմակերպում և պլանավորում:
Պաշարացու գնումների ուղղությամբ են մասնագիտանում նաև բաժանորդագրությամբ աշխատող սերվիսները, որոնք հնարավորություն են ըձեռում բաժանորդագրվել ինչպես պարենամթերքի ամբողջ զամբղուղի, այնպես էլ առանձին ապրանքների: Այս շարքին են նաև դասվում ready-to-eat ծառայությունները՝ որոշակի ժամկետով պատրաստի սննդի հավաքածուներով առաքումը:
Երկրորդ ձևաչափը, որ համեմատաբար վերջերս է ի հայտ եկել, էքսպրես-առաքումտ կամ լրագնման սերվիսներն են, որի հիմնարար չափանիշը սերվիսի արագությունն է: Պատվերի արագ տեղ հասցնելն ապահովելու համար ապրանքային պաշարները պետք է գտնվեն հաճահորդին որքան հնարավոր է մոտ: Առաքումը կարելի է կազմակերպել անմիջապես խանութներից, ինչը թույլ է տալիս արագորեն չափագծել ծառայությունը: Սակայն տեսականին սահմանափակված է լինելու կոնկրետ խանութի մատրիցայով: Մեկ ուրիշ տարբերակ է դարքսթորերից առաքումը: «Dark store»-ը (անգլերենից թարգմանած «մութ խանութ») գնորդների համար փակ խանութ-պահեստ է, ուր մուտք ունեն միայն առաքման ծառայության աշխատակիցները:
Բազային մթերքներն արագ ստանալու հնարավորություն են ընձեռում նաև click-and-collect սերվիսները. գնորդը պատվերը ձևակերպում է առցանց և այն վերցնում խանութի դրամարկղում՝ իր համար հարմար ժամանակ: Այլընտրանքային տարբերակ են ամբողջությամբ ավտոմատացված սարքերը, որոնք նախատեսված են սննդամթերը բաշխելու և պահպանելու համար: Այդ սարքերը սովորաբար տեղակայվում են առավելագույն հաճախելիությամբ աչքի ընկնող վայրերում:










































