Հայաստանի Կենտրոնական բանկը տարիներ շարունակ հայտարարել է, որ Հայաստանը վարում է տարադրամի այսպես ասած «լողացող փոխարժեքի» քաղաքականություն: Այսօր սակայն, և արդեն մի քանի օր, իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ խոսքն ավելի շուտ «գլորվող փոխարժեքի» մասին է, քան «լողացող»: Դոլարի ու եվրոյի փոխարժեքը Հայաստանում նվազում է բավականին արագ, փոխարենը աճում է ռուբլու գինը, ինչը բնականաբար հարցեր է առաջացնում Հայաստանի քաղաքացիների շրջանում, թե ինչ է կատարվում երկրի ֆինանսական շուկայում: Հայաստանն անշուշտ իր վրա զգում է լայն աշխարհաքաղաքական և աշխարհտնտեսական փոփոխությունների ազդեցությունը, որն արտահայտվում է մի քանի գործոններով և ըստ այդմ նաև բերում փոխարժեքի շուկայում էական շարժերի:
Մասնավորապես, ուկրաինական պատերազմի ֆոնին տեղեկություն եղավ, որ Հայաստանը սկսել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով: Սա նշանակում է, որ Հայաստանում էապես նվազել է դոլարի պահանջարկը, առնվազն այնքան, որքան Հայռուսգազարդը գնում էր, որպեսզի վճարի Գազպրոմին: Իսկ այդ պարագայում խոսքը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, ամսական՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարի:
Հետևաբար, ամսական մի քանի տասնյակ միլիոն դոլարով նվազել է այդ արժույթի պահանջարկը, ինչը դրա էժանացման գործոն է: Ավելին, պահանջարկի նվազմանը զուգահեռ աճել է թերևս առաջարկը, օրինակ ի դեմս այն տասնյակ հազարավոր ռուսաստանցիների, որոնք ուկրաինական պատերազմի և ՌԴ դեմ միջազգային պատժամիջոցների ֆոնին տեղափոխվեցին Հայաստան: Նրանց գերակշռող մասը թերևս տեղափոխվել է դոլարով, այլ ոչ թե ռուբլով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում դոլարի պահանջարկը նվազել է, փոխարենն աճել է առաջարկը, ինչը բնականաբար էլ ավելի է «նպաստում» դրա գնի էժանացմանը: Դրան ավելանում է այն, որ Հայաստանում գագաթնակետին է հասնում զբոսաշրջային սեզոնը, ինչը ևս՝ դոլարի ու եվրոյի լրացուցիչ մուտք է Հայաստան՝ պահանջարկի նվազման ֆոնին: Այդպիսով, միայն այսպես ասած ոչ մասնագիտական հայացքի պարագայում բավականին նկատելի են գործոնները, որոնք «լողացող փոխարժեքը» վերածում են «գլոորվող փոխարժեքի»: Սակայն, այստեղ առաջանում է հարց արդեն թերևս ավելի լայն տնտեսական իրողությունների, մակրոտնտեսական հանգամանքների առումով: Օրինակ, «գլորվող փոխարժեքը» շահավետ է դարձնում ներկրումները, միաժամանակ բավականին խանգարում է արտահանմանը: Եթե դրան ավելացնենք այն, որ այս շաբաթներին լուրջ լոգիստիկ խնդիրներ են ծագել արտահանողների համար՝ Վերին Լարսում ծանրաբեռնվածության բազմապատկման գերխցանում է ուկրաինական պատերազմի պատճառով այլ ճանապարհների արգելափակված լինելու հետևանքով, ապա ակնառու է դառնում Հայաստանում արտահանողների, տեղական արտադրանքի համար մեղմ ասած մտահոգիչ միջավայրի խնդիրը: Դոլարի ու եվրոյի փոխարժեքի անկումը թանկացնում է տեղական արտադրությունը, ազդում դրա մրցունակության վրա: Սա պետք է մտահոգի կառավարությանը, ֆինանսական, տնտեսական, դրամավարկային քաղաքականության պատասխանատուներին: Այդ հարցերը իհարկե միարժեք չեն և ունեն հանգամանալից մասնագիտական պատասխանների, նաև դիտարկումների և քննարկումների կարիք: Հայաստանում սակայն այդ հարցերը, որոնք գործնականում երկրի գլոբալ մրցունակության ու պաշտպանունակության, բնակչության բարեկեցության, տնտեսական անվտանգության և ժողովրդագրական կայունության հիմքն են, մշտապես ստորադասվել ու ստորադասվում են մակերեսայյին, հռչակարգային խոսակցություններին կամ առավել ևս ներքաղաքական հայհոյախոսություններին ու նենգափոխումներին: Բայց, կառավարությունն ու Կենտրոնական բանկը այդ առումով թերևս պետք է լիարժեք պատասխանատվություն կրեն հանրությանն ուղղվող ազդակների համար:





































