Երևանի փողոցներում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները, որոնք կազմակերպել է խորհրդարանական ընդդիմությունը, քաղաքական բաժանարար գծերից զատ, ակնհայտորեն հայտնվում են նաև քաղաքակրթական, արժեհամակարգային «բաժանարարների» տրամաբանության շրջանակում:
Դրա վառ՝ ցավալիորեն վառ դրսևորումներն են այն բռնարարքները, որ տեղի են ունենում փողոցային ակցիաների հետ անհամաձայնություն հայտնող քաղաքացիների հանդեպ, ընդհուպ այնպիսի աստիճանի, երբ մի քանի ամրակազմ երիտասարդներ կարող են Երևանի կենտրոնում «կռիվ» տալլ թուրքերի հետ, իսկ գործնական մակարդակում ոչ թե օգտագործել դա սահմանում անելոի հնարավորությունը, այլ Գյումրիում հարձակվել մի քանի տարեց, ծեր մարդկանց վրա, որոնք գուցե և կարող էին իրենց թույլ տալ կոշտ կամ հայհոյախառն արտահայտություններ:
Ի վերջո, հայհոյանքը «հասարակական-քաղաքական» կատեգորիա դարձրել է հենց այդ ընդդիմություն համարվող ուժերի շրջանակը՝ պատերազմից հետո Հայրենիքի փրկության շարժման և այլ կարգի նախաձեռնություններով, տարբեր քաղաքական և այսպես կոչված մտավորական աշխատանքի տեև գործիչների շուրթերով, ինչը շարունակվում է առ այսօր: Սակայն, խնդիրը բոլորովին այն չէ, թե ով է առաջին հայհոյողը: Խնդիրը այն է, թե ինչպես է ձևավորվում «առաջին լեգիտիմ բռնությունը»: Իսկ դա այսօր փորձում է ձևավորել փողոցային ակցիաներ իրականացնող ընդդիմությունը, որը գործնականում այդ մշակույթի կրողն էր կառավարման համակարգ եղած կարգավիճակում՝ մինչև 2018 թվականը: Դրա վկայությունն է այն, որ այդ ընդդիմության առաջնորդները ոչ միայն չեն փորձում հստակ և աներկբա դատապարտել բռնությունները և կոչ անել սեփական համակիրներին զերծ մնալ դրանից անգամ սադրիչ արտահայտություններին ի պատասխան, այլ փորձում են արդարացնել այդ երևույթը՝ «հղում» անելով սադրանքներին: Դա նշանակու՞մ է արդյոք, որ հանրության այլ խմբերի էլ տալիս են իրավունք իրենց «ժեխ» կամ «թուրք բնորոշող ընդդիմադիրների հանդեպ կիրառել բռնություն: Երբ, լինեն այդպիսի բռնության դեպքեր, նույն ընդդիմադիր գործիչները կխոստովանե՞ն, որ «բռնությունն անթույլատրելի է, բայց դե սադրիչ հայտարարություն անողն էլ պետք է մտածի, որ կարող է լինել պատասխան»: Թե ընդդիմություն համարվող նախկին կառավարող համակարգը վստահ է, համոզված, որ իր հայտարարությունների հանդեպ այդօրինակ պատասխան չի լինելու, քանի որ քաշված է ոչ միայն քաղաքակրթական, այլ նաև քաղաքակրթական, արժեհամակարգային «բաժանարար» գիծ: Ընդ որում, շատ կարևոր է, որպեսզի չլինի այդ պատասխանը, որովհետև «պատասխանի իրավունքը» այս դեպքում պետք է լինի իրավապահ համակարգինը, որն ունի թե իրավակարգի, հասարակարգի, և թե Հայաստանում այսպես ասած քաղաքակրթական կարգի պահպանության խնդիր և առաքելություն: Քաղաքականության մեջ բռնության գործիքակազմի կիրառումը պետք է արժանանա իրավապահ համակարգի համարժեք, իսկ գուցե նաև ասիմետրիկ պատասխանին՝ իհարկե օրենքի և իրավունքի հստակ սահմանում:
Իրավիճակի քաղաքական պատասխանատվությունն այդ առումով կրում է քաղաքական իշխանությունը: Ժողովրդավարությանը հավատարմությունը չպետք է դիտարկել իբրև թուլություն, օրերս խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր վարրապետ Նիկոլ Փաշինյանը: Գործնականում, բռնության միջադեպերը ստացվում են նաև այդ հայտարարությունը «ստուգելու» գործողություններ, որ իրականացնում է ընդդիմությունը:Միաժամանակ, անկասկած է, որ այդ հարցում քաղաքական ղեկավարության կենսունակությունը «ստուգում» է նաև հանրությունը և աննարդյունավետության եզրակացությունը կարող է պարունակել ռիսկ, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից և հանրությունը կսկսի մտածել իր պատասխանի մասին: Հնարավոր է, որ կան մարդիկ և անգամ սուբյեկտներ, ընդ որում Հայաստանից դուրս, որոնք սպասում են Հայաստանում հենց այդպիսի զարգացումների՝ իրադրոությանն արդեն ուղիղ միջամտելու համար: Ըստ այդմ, քաղաքական իշխանությունը խոսքից բացի, նաև գործով պետք է ազդակ հղի հանրությանը, որ քաղաքական բաժանարար գծերը Հայաստանում չեն վերածվելու քաղաքակրթական բարիկադների և հանրության լեգիտիմ մանդատ ստացած կառավարման համակարգն ի զորու է թույլ չտալ այդ բարիկադավորման հետագա ծավալում:
Լուսանկարը՝ panorama.am-ի





































