Գերմանիան և Կատարը դժվարությունների են բախվում հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարումների շուրջ բանակցություններում՝ մի շարք հիմնական պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ Գերմանիան, որը մտադիր է մինչև 2040 թվականը 88%-ով նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները, չի ցանկանում համաձայնել Կատարի՝ առնվազն 20 տարով պայմանագրեր կնքելու պահանջներին։ Միաժամանակ, Կատարը համաձայն չէ Գերմանիայի և ողջ ԵՄ այն ցանկությանը, որ ստացված հեղուկ գազը տեղափոխեն այլ երկրներ։
Գերմանիան տարեկան սպառում է մոտ 100 միլիարդ մ³ գազ։ Այս ծավալի մոտավորապես 55%-ը գալիս է Ռուսաստանից, մնացածը՝ Նիդեռլանդներից, Նորվեգիայից և մի շարք այլ երկրներից։ Գերմանիան սկսել է հեղուկ գազի պահեստավորման երկու հսկայական տերմինալների կառուցումը և վարձակալել է պահեստավորման և վերագազաֆիկացման չորս լողացող տանկեր, հաղորդում է DW-ն։