ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել Է հրթիռային հարվածներ հասցնել Մեքսիկայի օբյեկտներին՝ երկրում թմրանյութերի լաբորատորիաները ոչնչացնելու համար: Այդ մասին, հաղորդում Է New York Times թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսփերին:
Իր հուշագրություններում, որոնց նախնական օրինակներին հաջողվել Է ծանոթանալ հրատարակությանը, Էսփերը գրում Է, որ Թրամփը թմրանյութերի լաբորատորիաները ռմբակոծելու գաղափարը առնվազն երկու անգամ բարձրացրել Է 2020 թվականի ամռանը: Նրա խոսքով՝ նախկին նախագահը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է «հրթիռներով հարված հասցնի Մեքսիկային՝ թմրանյութերի արտադրության լաբորատորիաները ոչնչացնելու համար»:
Էսփերի առարկությանը Թրամփը հայտարարել Է. «Ոչ ոք չի իմանա, որ դա մենք ենք եղել»: «Մենք կարող Էինք պարզապես մի քանի Patriot հրթիռ արձակել եւ հանգիստ կերպով ոչնչացնել լաբորատորիաները»,-հրատարակությունը մեջբերում Է նախկին նախագահի խոսքը: Նշվում Է, որ Պենտագոնի նախկին ղեկավարն սկզբում կարծել Է, որ դա կատակ Է, բայց, նայելով նախագահին, փոխել Է իր կարծիքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: