«Նեո-նյուս» ՍՊԸ-ն, որ նաև լրատվական գործունեություն է ծավալում՝ Neonews.am անվանումով, մոտ 15 օր է՝ վաճառվել է:
Ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Էդգար Հելհելյանը, ով նաև «Ազգային նոր պահպանողական շարժում» հկ-ի ղեկավարն է, կայքն աշխատեցնելու համար կուտակած պարտքերի արդյունքում շուրջ 1 ամիս է փախել է Հայաստանից, և նրա տեղը ոչ ոք չգիտի:
Ներկա պահին նրան փոխարինում է մյուս բաժնետեր Անդրանիկ Թանգամանյանը: Թեև վաճառքի փաստաթղթերը պաշատոնպես չեն ձևակերպվել, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ լրատվական գործակալությունը գնել է Հանրապետական կուսակցության անդամ Անդրանիկ Նիկողոսյանը: Նախնական գինը եղել է 15 հազար դոլար, սակայն Էդգար Հելհելյանի ֆինանսական վիճակը այնքան ծանր է եղել, որ վերջնահաշվում այն վաճառել է ընդամենը 4.5 հազար դոլարով:
Ըստ մամուլում տեղ գտած որոշ տեղեկությունների՝ վերջին շրջանում neonews.am-ը սկսել էր հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին հոդվածներ թողարկել: Ավելին, հանդիպումներ էր ունեցել Քոչարյանի մտերիմների հետ՝ փորձելով համագործակցությունը դնել կոնստրուկտիվ հողի վրա, սակայն այդպես էլ լեզու չէին գտել։









































