ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Չինաստանի Շենժեն քաղաքում հանդիպեց ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերին մասնակցող՝ Հայաստանի մարզական պատվիրակության հետ:
Օգոստոսի 12-ին մեկնարկած խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևում` շախմատ, ծանրամարտ, թեքվանդո, ձյուդո, թենիս:
Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով այս խաղերի պատմության մեջ առաջին ոսկեմեդալակիր հայ մարզիկը: Հաջող է հանդես եկել նաև շախմատիստ Զավեն Անդրեասյանը` զբաղեցնելով 4-րդ տեղը:
Փոխվարչապետը կարևորեց այս հեղինակավոր ստուգատեսին հայ մարզիկների արժանապատիվ մասնակցությունը: Հետագա մարզական հաջողություններ մաղթելով նրանց` Ա. Գևորգյանը հույս հայտենց, որ հաջորդ խաղերին Ա. Աղասյանի նվաճումը կկրկնեն նաև մյուս մասնակիցները, ու մեդալներ կլինեն նաև մյուս մարզաձևերից:
Հայաստանի ուսանող մարզիկները խաղերին մասնակցում են արդեն 10-րդ անգամ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 14 մեդալ, այդ թվում 3-ը` արծաթ, 11-ը` բրոնզ:
Ա. Գևորգյանը եղավ նաև խաղերին մասնակցող պատվիրակություններին հյուրընկալելու համար կառուցված գյուղում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Գյուղը հետագայում ծառայելու է Շենժենի տեխնոլոգիական համալսարանին:
Այսօր երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը: Շենժենից փոխվարչապետը կմեկնի Պեկին, որտեղ նախատեսվում են նրա մի շարք երկկողմ հանդիպումները:









































