Դղյակատեր նախկին բարձրաստիճան զինվորականներից մեկը, Արցախի պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում-սադրանքների է պատրաստվում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, իսկ Հայաստանի իշխանությունները ընդունում են ի գիտություն և չեն անում ոչինչ: Մովսես Հակոբյանը տևական ժամանակ լուռ էր և ասպարեզ է դուրս գալիս մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում նկատելիորեն աշխուժացել են քարոզչական որոշակի ուղղությունները: Մեկը «պարենային խուճապի» խթանման ուղղությունն է:
Մյուսը, փաստորեն, Հայաստանի քաղաքականության մեջ «հակառուսականություն» հայտնաբերելու և դրան զուգահեռ էլ Ադրբեջանի հարձակումների մասին «ավետելու» ուղղությունը: Ընդ որում ուշադրության է արժանի այն, որ նաև Բաքվի պրոպագանդիստական մեքենան է մի քանի օր շարունակ, համառ հետևողականությամբ փորձում «կերտել» Հայաստանի իշխանության իբրև թե «հակառուսական» քաղաքականություն:
Այդպիսով, Ադրբեջանն ու հայաստանյան որոշակի շրջանակներ փաստորեն գործում են «ունիսոն»: Իհարկե՝ ոչ առաջին անգամ: Այդ «ունիսոնությունը» հիմք է տալիս դիտարկել հավանականություն, որ Ադրբեջանը կարող է և իսկապես դիմել լոկալ սադրանքների, Հայաստանի «ընդդիմության» ռազմա-քաղաքական, փորձագիտական, այսպես ասած հասարակական շրջանակների «ավետումները» արդարացնելու և այդպիսով «ուժեղացնելու» համար: Դա էլ առաջին անգամը չէ, երբ հայաստանյան ներքին «դիսկուրսին» ուշադրությամբ հետևող Բաքուն անհրաժեշտ պահին ճիշտ կողմնորոշվում է, թե ինչ է պետք անել դրանից էֆեկտ ստանալու համար: Բաքուն կամ կողմնորոշվում է, կամ հստակ «կողմնորոշում» են՝ Ռուսաստանից, որտեղ ևս մամուլի և փորձագիտական դաշտի որոշ սեգմենտներում աշխուժացել են Հայաստանի դեմ «հիբրիդային գրոհները»: Այդ շերտերը արդեն առնվազն մի քանի տարի փորձում են վերականգնել մինչև 2018 թվականը Հայաստանի ներքին ստատուս-քվոյի վրա ունեցած իրենց ազդեցությունը, ինչի նպատակը Ռուսաստանի իշխող վերնախավում տեղի ունեցող, և ուկրաինական պատերազմի հետևանքով առավել խորքային և կոշտ ներքին բնույթ ստացած պայքարում սեփական դիրքերի ամրությունն ապահովելն է՝ համենայնդեպս, որովհետև պարզ չէ, թե ինչ ուղղությամբ կընթանա քաղաքական զարգացումը պատերազմի ռազմական փուլի ավարտից հետո և Պուտինն ինչ «զոհաբերությունների» գնով կարող է փորձել լուծել ինչ-ինչ խնդիրներ:
Այն, ինչ տեղի է ունենում Մոսկվա-Երևան-Բաքու այդ տիրույթում, Կրեմլին քիչ է հետաքրքրում: Փետրվարի 22-ին Պուտինը գծեց Ալիևի խաղի սահմանները, հստակ ցույց տալով կարմիր գծերը և ստանալով դրանք պահելու ստորագրություն: Մնացյալ հարցում Ալիևը ստացել է խաղի ազատություն: Ավելին, այդպիսով Կրեմլը ներկայիս բարդ փուլում, Ուկրաինայով զբաղվածության պայմաններում կապահովի առավել մեծ «վերահսկողություն»: Այդ առումով Ալիևը եթե անգամ չի ստացել ուղիղ հանձնարարություն, ապա առնվազն զգալով իր սադրանքների «պահանջվածությունը», փորձում է քաղել այդ ամենից առավելագույնը մի քանի ուղղություններով: Արցախում սադրանքները ևս միտված են դրան՝ Հայաստանում խթանել դժգոհություն ռուս խաղաղապահների անարդյունավետության առնչությամբ, և այդպիսով լրացուցիչ փաստարկ տալ այն ուժերին, այդ թվում նաև հենց իր պրոպագանդային՝ Հայաստանի իշխանությանը «հակառուսականության» պիտակ փակցնելու համար: Մեծ հաշվով հանրությունն ականատես է Հայաստանի հանդեպ շատ տարիներ առաջ հայտարարված և վարվող «հիբրիդային պատերազմի» հերթական փուլին, որի դերակատարները գործնականում նույնն են, բայց արդեն թերևս «ժամկետի ավարտին մոտենալու» ներքին տագնապի խորը զգացումով:
Հայաստանի հանրությանը, հասարակական-քաղաքական առողջ, սթափ շրջանակներին և քաղաքական իշխանությանը անհրաժեշտ է չկորցնել զգոնությունը և ռացիոնալությունը բոլոր առումներով, չտրվել սադրանքներին և կարողանալ ցուցաբերել ժամանակ շահելու ճկունություն:










































