Արցախի խորհրդարանն նախօրեին արտահերթ նիստի ընթացքում ընդունված հայտարարությամբ դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին։ Արցախի խորհրդարանի ԱԺ հայտարարությամբ նշվում է՝ վերջին օրերին Արցախի սահմանամերձ բնակավայրերում լարվածությունը նոր թափ է ստացել, Ադրբեջանը ինտենսիվ կրակ է արձակել, ականանետ կիրառել մի շարք բնակավայրերի վրա․«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության հեղինակության նսեմացմանը։ Արցախի հանրապետության ԱԺ-ն խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքների խոչընդոտելը։ Պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը»,-նշված է հայտարարության մեջ։
Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր գործողությունները․«Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը»։
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն իր ելույթում հայտարարեց, որ այլ ելք չլինելու պատճառով՝ դիմել են աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Թովմասյանը նաև հայտարարեց, որ Հայաստանն արցախահայության փրկության համար պետք է ճանաչի Արցախի անկախությունը․ «Թեկուզ այն մակարդակով, որով ճանաչել է Ֆրանսիան՝ վերին և ստորին պալատների։ Մենք նույնիսկ առաջարկել ենք, որ գոնե ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ մտցնեն օրակարգ Արցախի ճանաչման հարցը։ Քաղաքական և բարոյական առումով ճիշտ էր հենց պատերազմի օրերին ճանաչեին Արցախի անկախությունը։ Ճանաչման հարցը մի քանի անգամ բաց ենք թողել։ Օրինակ՝ Բիշկեքից առաջ 1994 թվականին, 2003-ին, երբ ավագ Ալիևին փոխարինեց կրտսեր Ալիևը, որն ասաց՝ բանակցային գործընթացը տեղափոխում ենք զրոյական մակարդակ, 2014-ին ահաբեկչական գործողությունների ժամանակ։ Այդ ժամանակ բանակցությունները կրկին փակուղում էին, 2016-ին քառօրյա պատերազմի ժամանակ և 2020 թվին»,-հայտարարել է Արցախի խորհրդարանի խոսնակը։
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը գտնում է, որ այս պահին Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման համար պատշաճ ժամանակ չէ․ «Կարծում եմ՝ համանախագահող երկրները մեզ ճիշտ չեն հասկանա՝ առաջին հերթին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Ես կարծում եմ, որ Արցախից հնչող այս կոչը պետք է կապել երրորդ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի հետ։ Ինչքան որ ինձ հայտնի է՝ այժմ լուրջ խնդիրներ են առաջացել Արցախում Ռուսաստանի, ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների միջև։ Եվ կարծես թե որոշակի կոնֆլիկտ է զարգանում։ Ըստ իս՝ այդ կոչը կապված է դրա հետ։ Այսինքն՝ Ռուսաստանի կողմից իրադրության զոնդաժ է գնում և դրանով Մոսկվան փորձում է զգուշացնող քայլ անել, որ Բաքվում «իրենց տեղն իմանան»։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Թուրքիան ու Ադրբեջանը տեսնում են Ռուսաստանի աստիճանաբար թուլացումը և փորձում են նոր պահանջներ ներկայացնել։ Կրակոցները, այդ կոչը՝ կարծում եմ դրա պատասխաններից մեկն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Ստեփանյանի՝ նման կոչերը նաև Հայաստանին են անհարմար դրության մեջ դնում․«Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանրապես այդ հարցին չանդրադարձավ հենց այդ մասին է խոսում։ Եթե մենք իմանանք, որ Հայաստանի կողմից ճանաչումն ինչ-որ քայլերի կբերի, ապա կարող ենք ասել, որ այո՛ դա օգուտ կբերի։ Բայց դա ընդամենը տակտիկական մանյովր է, և ես չեմ կարծում, թե այսօր դրա ժամանակն է»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ մեր օրերի իրադարձությունների համատեքստում հարցը չափազանց նրբանկատ է․ «Հայաստանը ջանքեր է թափում շրջափակումը ճեղքելու, ապաշրջափակելու համար։ Ինչքանո՞վ է նպատակահարմար այդ հարցը մեջտեղ բերել։ Երբ Հայաստանում իշխանության գլուխ էր ղարաբաղյան կլանը՝ այնպես արեցին, որ այդ հարցը մեջտեղ չգա․ այն տապալեցին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Իսկ հիմա, միջազգային իրադրության այս խառը պայմաններում այդ հարցի ժամանակը չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանն ընդգծեց․ «Ենթադրել կարող եմ , բայց պնդել չեմ կարող՝ դա Հայաստանի ապաշրջափակման ծրագրերի, այս վիճակից դուրս գալու գործընթացի դեմ է ուղղված։ Կարծում եմ՝ ժամանակը չէ, լավ կլիներ, որ ժամանակին այդ պահանջը դնեին ղարաբաղյան կլանի պարագլուխների առաջ , այդ ժամանակ ամենապատեհ պահն էր։ Իսկ առհասարակ ես համարում եմ, որ կեղծ թեզ է, թե անվտանգությունը կապված է ճանաչման հետ։ Հիմա Արցախի ժողովրդի կեցության պայմանները լավացնելու խնդիր կա, նաև՝ հետաքննություն անել, թե ինչու պատերազմի ժամանակ ջախջախվեցինք։ Առաջնային հարցը է նաև Զինված ուժերը կարգի բերելու։ Մենք հիմա Հայաստանի Հանրապետությունը փրկելու խնդիր ունենք։ Իսկ առհասարակ՝ եթե այդպիսի հարց կա , թող ՀՀ իշխանությունների հետ քննարկեին, այլապես ստացվում է՝ փաստի առաջ կանգնեցնելու քաղաքականություն են վարում։ Ես հարց եմ տալիս՝ նման հայտարարություն անելուց առաջ խորհրդակցե՞լ են, թե՞ ոչ»։










































