Թուրքական Pegasus ավիաընկերությունը մարտի 13-ից 27-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրա հետ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ֆոնին։
«Եվրամիության համապատասխան կանոնակարգի համաձայն՝ պատժամիջոցներ եւ սահմանափակումներ են մտցվում՝ կապված դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ չվերթերի ապահովագրության, վերաապահովագրության, լիզինգի, տեխնիկական սպասարկման հետ։ Այս պայմաններում գործառնական ռիսկերի պատճառով մեր բոլոր չվերթերը դեպի ՌԴ եւ հակառակ ուղղությամբ դադարեցվում են 2022 թվականի մարտի 13-ից մինչեւ մարտի 27-ը»,- ասված է ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ այն ուղեւորները, ովքեր այս ժամանակահատվածի համար տոմսեր են ձեռք բերել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Միներալնիե Վոդի, Գրոզնի, Մախաչկալա եւ Կրասնոդար, կարող են դրանք կամ անվճար փոխանակել, կամ հետ ստանալ գումարը:







































