ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Էդուարդ Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:
«Մեր համայնքի ցանկացած ներկայացուցչի համար, որը ցանկություն ունի լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Եվ Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա»,-ասաց պատգամավորը:
Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ, բայց հայազգի են, չունեն Հայաստանի անձնագիր, Աղաջանյանը նշեց, որ հնարավոր չէ նրանց տվյալները հստակ ունենալ, հնարավոր է ունենալ Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հստակ տվյալներ:







































