Ֆրանսիայի նախագահի թեկնածու, գործող նախագահ Էմանեուլ Մակրոնի թերևս գլխավոր հավակնորդ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վալերի Պեկրեսի Հայաստան, և հատկապես այդ այցի շրջանակում Արցախ կատարած այցելությունը հասկանալիորեն արժանացավ հայկական մեծ ուշադրության և դիտարկումների: Ընդ որում, տեղի ունեցածը՝ հատկապես Արցախի մասով, իհարկե ուներ այդ դիտարկումների, գնահատականների անհրաժեշտություն և նշանակություն:
Միևնույն ժամանակ սակայն, այդ ամենում շատ կարևոր է չանցնել ռացիոնալության և սառնասրտության սահմանը, որովհետև պետք է հասկանալ թերևս մի բան, որ Պեկրեսը գործել է Ֆրանսիայի Հանրապետական և ավելի լայն իմաստով ֆրանսիական քաղաքականության համատեքստում, այլ ոչ ի սեր հայության կամ Հայաստանի ու Արցախի: Ընդ որում, դա ամենևին Պեկրեսի վատ բնութագրական կամ անցանկալի բնութագրական չէ, այլ հակառակը՝ նա ֆրանսիացի քաղաքական գործիչ է, հետևաբար նա պարտք է Ֆրանսիային, ոչ թե որևէ այլ երկրի:
Հայաստանի և Արցախի հասարակական-քաղաքական օրգանիզմի պարտքն է դիտարկել այդ ամենում հայկական շահերի հնարավորությունները, ըստ այդմ չտրվել իռացիոնալ, հաճախ ռոմանտիկ սպասումների: Ինչպես արդեն նշել եմ, այդ տեսանկյունից մեզ համար ցանկալի է ինքնին այն վիճակը, երբ Ֆրանսիայի նախագահի ընտրությանը հաղթանակի համար հիմնական պայքարը կլինի գործող նախագահ Մակրոնի և Վալերի Պեկրեսի միջև: Ընդ որում, սա ցանկալի է ոչ թե Պեկրեսի Արցախ այցից հետո, կամ ոչ էլ Մակրոնի հայերեն գրառումների համար: Սա ցանկալի է մի շարք քաղաքական գործոնների համադրությամբ հաշվարկով, որ առկա են Ֆրանսիայի միջազգային քաղաքականության և հայ-ֆրանսիական հարաբերության, այդ թվում Ֆրանսիայի հայկական համայնքի դերակատարման իմաստով:
Այդ ամենով հանդերձ, հայ-ֆրանսիական հարաբերության տիրույթում առանցքային իրադարձությունը, որ տեղ ունեցավ և որն իր ներուժով ու նաև քաղաքական նշանակությամբ կարող է լինել հիմնարար, դա շաբաթներ առաջ Փարիզում ստորագրված հայ-տնտեսական հարաբերության ճանապարհային քարտեզի մասին համաձայնագիրն է, որ Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների հանդիպման շրջանակում ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտգործնախարարության Գլխավոր քարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Սա է հայ-ֆրանսիական հարաբերության զարգացման չափման առանցքը, անկախ, թե ով կլինի Ֆրանսիայի հանրապետության նախագահ: Որովհետև, անկախ, թե ով կլինի նախագահ՝ Ֆրանսիայի ռեգիոնալ քաղաքականությունը խոշոր հաշվով չի ենթարկվելու հիմնարար փոփոխության և այդ իմաստով նշանակություն չի ունենալու նախագահի երբևէ Արցախ այցելած լինելու կամ չլինելու հանգամանքը: Դա համաշխարհային մասշտաբով խաղացող տերությունների համար միանգամայն բնորոշ հատկանիշ է:









































