Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին:«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ, պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»,, ֆեյսբուքյան գրառում է արել Նիկոլ Փաշինյանը: Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ 36 համայնքում տեղի ունեցած ընտրությունից Փաշինյանի ՔՊ կուսակցությունը հաղթել է 24-ում: Մնացյալ 12 համայնքների գերակշռող մասում հաղթել են գործող ղեկավարները, որոնք ներկայացել էին առավելապես իրենց անվանումները կրող դաշինքային ձևաչափով, իսկ գործնականում պաշտոնավարում են այսպես ասած նախկին կառավարող համակարգի շրջանից:
Ընդ որում հետաքրքիր է այն, որ նախկին կառավարող համակարգը ՏԻՄ ընտրությանը չի մասնակցում այն ձևաչափերով, ինչով մասնակցեց խորհրդարանի ընտրությանն ու զբաղեցրեց երկրորդ և երրորդ տեղերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներով: Բայց, թեև երկու այդ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չեն մասնակցում ՏԻՄ ընտրությանը իրենց դեմքով ու անունով, այդուամենայնիվ ՏԻՄ մակարդակում գործող համայնքապետերից յուրաքանչյուրի հաղթանակը վերագրում են իրենց, այդպիսով նաև որոշակիորեն «մատնելով» այդ համայնքապետերին: Այդուհանդերձ, առանցքայինը իհարկե այն է, որ Հայաստանում հերթական անգամ անցկացվում է ընտրություն, որտեղ պատկերը ձևավորվում է հասարակության կամքով, հանրային քվեի միջոցով: Դրա վկայություն է այն, որ գործող իշխանությունը, որ համապետական ընտրությանը ստացել է 53 տոկոս ձայն, չի գնում ՏԻՄ համակարգում ամեն ինչ վերցնելու «ավանդական ճանապարհով»: Սա իհարկե կարևոր ձեռքբերում է, բայց ոչ բավարար՝ որպեսզի ՏԻՄ ընտրակարգը համարվի այսպես ասած ձևավորված կամ վերականգնված:
Բանն այն է, որ ՏԻՄ մակարդակում ընտրությունը շարունակում է հիմնված լինել հատկանիշների և բնութագրերի այն ամբողջ համալիրի վրա, որ ձևավորվել է դեռևս նախկին կառավարող համակարգից և ըստ էության բխում է այդ համակարգի բնույթից և տրամաբանությունից: Ու, թեև կամարտահայտման առումով չկա նախկին մամլիչը կամ պարտադրանքը, այդուհանդերձ դա միայն առաջին քայլն է, որովհետև խորքային առումով ընտրությունը իհարկե զուտ քվեարկության մեխանիզմը չէ, այլ նաև այն բովանդակությունը, որ դրվում է այդ ընտրության հիմքում: Իսկ այդ առումով Հայաստանն ունի անցնելու դեռ երկար ճանապարհ: ՏԻՄ ընտրությանը կառավարող կուսակցությունից, ըստ էության մասնակցել են միայն արտախորհրդարանական մի խումբ քաղաքական ուժեր, որոնք սակայն արձանագրել են հարաբերական հաջողություն, քանի որ ընտրությունը հեռու է քաղաքական բովանդակությունից և կառավարող մեծամասնության մրցակիցները հիմնականում եղել են հենց նախորդ համակարգից եկող համայնքապետերը՝ իրենց անվանումներով դաշինքներով, որոնք այլ կերպ, քան հակաքաղաքական տրամաբանությամբ միավորներ, դժվար է անվանել: Ըստ այդմ, ՏԻՄ մակարդակում առանցքային մյուս քայլը թերևս ամենաբարդը, բայց ամենակարևորն է՝ ընտրության քաղաքական բովանդակության ապահովում: Ի վերջո, ՏԻՄ մակարդակը պետք է լինի համապետական քաղաքական կյանքի այսպես ասած հիմնասյունը, ինչպես որ է ամբողջ աշխարհում: Սա պետք է լինի իհարկե երկկողմ երթևեկության տրամաբանությամբ գործընթաց, այսինքն քաղաքական ռեֆորմացիա թե համապետական, թե ՏԻՄ մակարդակներում միաժամանակ՝ համապետականից ՏԻՄ և հակառակ ուղղությամբ: Ընդ որում, կառավարող ուժից ավելի, այդ հարցում թերևս պետք է շահագրգռություն ձևավորեն այն ուժերը, որոնք իրապես շահագրգռված են հայաստանյան քաղաքականության հին տրամաբանությունն ու բնույթը թոթափելու հարցում: ՏԻՄ մակարդակն այդ ուժերի համար կարող է դառնալ համատեղ աշխատանքի դաշտ, և որոշակիորեն նաև ինդիկատոր՝ քաղաքական որակական վերափոխումների հարցում նրանց շահագրգռության համար:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի









































