Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը գրում է.
Նոյեմբերի 20-ին և 21-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի, մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել եմ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ, Եղիպատրուշ, Նիգավան, Կայք, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ բնակավայրեր: Մեզ ուղեկցել են նաև դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան համայնքի ղեկավարի՝<> կուսակցության ընտրական ցուցակի առաջնորդ, համայնքի ղեկավարի թեկնածու Էդգար Փարվանյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները:
Համայնքային այցելությունների շրջանակում հանդիպել ենք բնակիչներին, խոսել իրականացված ծրագրերի, նախատեսված աշխատանքների, համայնքի զարգացման պատկերացումների, կառավարությունից ու տեղական ինքնակառավարման մարմիններից նրանց ակնկալիքների մասին:
Հանգստյան օրերը լավ հնարավորություններ են համայնքներ այցելելու, ժողովրդին հանդիպելու, տեղում բնակիչների հետ անմիջական զրուցելու, լսելու նրանց խնդիրները՝ անհատական կարիքներից մինչև համայնքային զարգացում. համայնքային այցելությունները շարունակական են լինելու:









































