Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հեղափոխության պահակազորի գեներալ Հոսեյն Բաղերին, չորս օրյա այցելության համար Ռուսաստանի Դաշնություն է մեկնել։ Նա հանդիպումներ է ունեցել իր ռուսաստանցի պաշտոնակից գեներալ Վալերի Գրասիմովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի և մյուս պաշտոնատար անձանց հետ։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն նա Մոսկվայից բացի լինելու է նաև Սանկտ Պետերբուրգում, այցելելու է ռազմարդյունաբերական կենտրոններ, բանակցելու է երկուստեք հարաբերությունների ու համագործակցության մասին, քննարկելու է նոր զինատեսակներ գնելու հարցեր։ Զույգ այցելություններին անդրադառնանք հերթով․
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը նախորդ շաբաթ այցելել էր Պակիստան, հանդիպելով իր պաշտոնակցին քննարկել էր տարածաշրջանային հարցեր։ Իրանն ու Պակիստանը հարևան երկրներ են, ունեն 959 կիլոմետր երկարությամբ միանական սահման, մուսուլման են՝ բայց տարբեր դավանանքների տեր․ Իրանում մեծամասնություն են կազմում շիաները, իսկ պակիստանցիները ճնշող մեծամասնությամբ սուննի են։ Նրանք տարածաշրջանային հարցերում մրցակիցներ են, իսկ մի շարք հարցերում ունեն համընդհանուր շահ և համագործակցություն։ Պակիստանն ատոմական ռումբ ունեցող իսլամական միակ երկիրն է․ Պակիստանի «Ատոմական ռումբի հայր» մականունով հայտնի Աբդօլ Ղադիր Խանը (այժմ մահացած), 2004 թվականին իր երկրի դատարանին հայտնել էր, որ միջուկային տեխնոլոգիա ունենալու համար օգնել է Իրանին (1987-1989 թ․), Լիբիային և Հյուսիսային Կորեային։
Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման միջազգային արշավի և ռազմական հավանական հարվածների ֆոնին, Թեհրանը խիստ մտահոգված է իր հարևանությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությամբ, իսկ Հարավային Կովկասի հարցերում՝ Պակիստանի ակտիվացման և ադրբեջանամետ կեցվածք որդեգրելու պատճառով։ Վերջերս Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը «Երեք եղբայր» անվամբ զորավարժություն անց կացրեցին Կասպից Ծովում։ Իրանը դրա համար բողոքեց․ նաև շեշտեց, որ Կասպից Ծովում սահմաններ չունեցող երկրների՝ այսինքն Թուրքիայի և Պակիստանի մասնակցությունը նման զորավարժության՝ դեմ է Կասպյան կոնվենցիային (Convention on the legal status of the Caspian Sea)։ Պակիստանը պաշտպանում է Թուրքիայի կովկասյան քաղաքականությունը՝ փոխարենն Անկարայից ակնկալում է Քեշմիրի հարցում հակահնդկական կեցվածք։
Գեներալ Բաղերին երեք տարի առաջ ամռան ևս այցելել էր Պակիստան, իսկ իր պաշտոնակիցը Թեհրան է այցելել 2017 և 2019 թվականի հոկտեմբերին։ Կողմերն իրենց միասնական սահմանում ևս ունեն խնդիրներ․ սահմանի երկու կողմում ապրում են բալուչներ, որոնք սուննի են և պարբերաբար խնդիրներ են ստեղծում Թեհրանի համար․ այս սահմանը նաև թմրանյութի ապօրինի շրջանառության ավանդական ճանապարհ է։ Իրանցի և պակիստանցի գեներալները պայմանավորվել են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի, տեղեկատվության փոխանակման և ուսուցողական ոլորտներում։ Իրանական IRNA պաշտոնական լրատվականի հաղորդման համաձայն կողմերը Իսլամաբադում քննարկել են․ «Սահմանային անվտանգության հարցեր, Աֆղանստանի և տարածաշրջանային խնդիրներ, ԱՄՆ-ի և Իսրայելի շրջանում ունեցած ներկայության պատճառով ստեղծված մարտահրավերներ»։Երկու երկրները քննարկել են նաև առաջիկա ձմռանը Ռուսաստանի և Չինաստանի հետ ծովային զորավարժություն ունենալու հնարավորությունը։
*** ԻԻՀ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Հոսեյն Բաղերին, այժմ Մոսկվայում է գտնվում։ Բանակցությունների օրակարգի հիմնական կետը մեկն է՝ Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման միջազգային ճնշումներ և դրա հավանական հետևանքեր։ Իրանն ու Իսրայելը հոխորտում են, որ միմյանց վրա կհարձակվեն, իսկ մեծ խաղացողները փորձում են դա թույլ չտալ։ Փոքր խաղացողների ճամբան հատվում է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում ու նաև Չինաստանում։ Իրանցիները հիմա Ռուսաստանի և Եվրոպայի դուռն են թակում, իսկ Իսրայելի վարչապետն էլ ԱՄՆ կատարած այցից հետո պատրաստվում է Մոսկվա մեկնել։ Իսրայելն ունի հզոր օդուժ, իսկ Իրանն ունի հեռահար հրթիռներ։ Իրանն ունի գերարդիական զենքերի պակաս, իսկ ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևով զինական պատժամիջոց կա ընդդեմ Իրանի (wikipedia.org/wiki/United_Nations_Security_Council_Resolution_2231)։
Իրանը պնդում է, որ այդ բանաձևի ժամկետն ավարտվել է 2020 թվականի հոկտեմբերին և ցանկանում է Ռուսաստանից և այլ շուկաներից նոր զենքեր գնել։ Թեհրանն այժմ մտադիր է Ռուսաստանից Միգ կործանիչներ և ռազմական ուղղաթիռներ գնել։ Անշուշտ, որ Ռուսաստանի համար սա շատ լավ գործարք կարող է լինել, բայց համաձայն նույն բանաձևի, Իրանին զենք մատակարարողները պետք է ստանան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համաձայնությունը։ Իրանը տարիներ առաջ անգամ կանխավճար էր տվել ռուսական հակաօդային SS համակարգեր գնելու համար, բայց Մոսկվան պատժամիջոցների պատճառով մեծ դժվարությամբ և ուշացումով կարողացավ այդ զենքերը հանձնել։ Համաձայնեք, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային այս լարված ֆոնին, նման գործարքի կնքումը դեռ անհավանական է թվում։ Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման միջազգային խմբի անդամ և Իրանի ու Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր, փորձում է Իրանի միջուկային թնջուկի համար խաղաղ ելք գտնել։
Գեներալ Բաղերին իր ռուսաստանցի պաշտոնակից գեներալ Վալերի Գրասիմովի հետ հանդիպման ժամանակ, ակնարկել է նաև նախագահ Ռայիսիի «Դեպի արևելք նոր հայացք» քաղաքականության՝ Ռուսաստանի օգնությամբ «Շանհայ» դաշինքին միանալուն, Սիրիայի և Աֆղանստանի հարցում համագործակցելուն․ նա հույս է հայտնել, որ երկուստեք հարաբերություններն ավելի կխորանան և նոր համագործակցության առիթ կստեղծեն։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետի այցը Ռուսաստան շարունակվում է։







































