ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման: Վերջինս ներկա գտնվելով Լուսակերտում ԱԻՆ-ի այս տարվա ամենամեծ վարժանքին, որին ներգրավված են փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները, լրագրողների հետ զրույցում ասել է․«Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծենք»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը համոզված է՝առկա ճգնաժամի լուծումը գերարագ, հապճեպ, վտանգավոր նախապայմանների առկայության պայմաններում ՝ Հայաստանը ոչ միայն դուրս չի գա ճգնաժամից, այլ հակառակը՝ կխորասուզվի․«Նախ՝ սահմանագծման ու սահմանանշման գործընթացը պետք է կատարվի Հայաստանի համար մի շարք գերկարևոր անվտանգային խնդիրների լուծման պարագայում։ Ամենից առաջ՝ դա Ադրբեջանի կողմից մեր գերեվարված ու պատանդառված մարդկանց վերադարձն է։ Հատկապես այն անձանց, որոնք ի խախտումն միջազգային բոլոր օրենքների իրենք դատել են ու դատապարտել են բավականին մեծ, երկարաժամկետ պատիժների։ Բացի դրանից՝ ադրբեջանցիները պետք է հեռանան մեր կամ «վիճելի» տարածքներից։ Ինչո՞ւ եմ ասում վիճելի, որովհետև խոսքը գնում է Խորհրդային միության ինչ-որ դիպվածային քարտեզների մասին, իսկ խորքային վերլուծություն, թե ենթադրենք ԽՍՀՄ-ում ինչպիսի բաժանումներ են եղել և որ տարածքներն ում են պատկանել, այդպիսի քննարկում չի ծավալվել։ Այսինքն՝ պատրաստ լինել սահմանագծման ու սահմանանշման, նշանակում է ունենալ երկկողմանի բարի կամք և ամենակարևորը՝ քննարկելու պատրաստակամություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Դիլբարյանի՝ այդ քննարկումներն էլ պետք է ընթանան ոչ թե ռազմական ուժի կիրառմամբ, գնդակոծելով և ամեն օր դիպուկահարների կամ այլ տիպերի զենքերի միջոցով հայ զինվորների կյանքը խլելով, այլ խաղաղ պայմաններում․«Եթե մենք հղում ենք անում միջազգային իրավունքին, իսկ սահմանագծումն ու սահմանաշումը միջազգային իրավունքի հետ է կապված, ապա պետք է հիշել, որ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն չի համարել ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը, այլ հակառակը՝ իրեն հռչակել է դեմոկրատական, 1918 թվականին ստեղծված Ադրբեջանի իրավահաջորդ։ Իսկ այդ սահմաններում բնավ ընդգրկված չի եղել ո՛չ Արցախը և ոչ էլ Նախիջևանը։ Այսինքն՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանն ու Արցախը գտնվում են շատ ավելի շահեկան իրավիճակում։ Ուստի միակողմանի հայտարարել, որ մենք պատրաստ ենք ու չնշել այն պայմանները, որոնց պարագայում սահմանագծումն ու սահմանանշումը կլինի արդարացի ու կհամապատասխանի ոչ միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի անհագ ախորժակին, այլ իրապես կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը՝ մենք իսկապես մեծ սխալ ենք գործում»։
Մեր զրուցակիցը կարծում է, որ շտապել պետք չէ, պետք է միայն նշել, որ գործընթացն անհրաժեշտ է, բայց այն ունի նախապայմաններ․«Այդ ամենի իրագործումից հետո, եթե անմիջական բանակցությունները արդյունք չբերեն, կարելի է միջնորդների օգնությամբ աշխատանք իրականացնել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են իրենց ջանքերը ներդնել, որպեսզի հասկանանք, թե ինչի հիման վրա, ինչ ժամանակահատվածում կարելի է գծել այդ սահմանները։ Բավականին խղճուկ ու ծիծաղելի եմ համարում կառավարության որոշ անդամների այն պնդումները, թե մենք 29․000 քմ-ից ոչ մի թիզ չենք զիջելու։ Դա շատ ծիծաղելի է։ Մենք ընդհանրապես պետք է հասկանանք, որ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է տարբեր սահմաններ, նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանը ձևավորված չէր իբրև ինքնուրույն պետականություն, բայց բոլոր ժողովուրդներն ունեն ապրելու, գործելու և իրենց անվտանգությունն ապահովելու իրավունք։
Հարցին, թե ինչքանով է սահմանագծման հարցին առնչվում նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Նարինե Դիլբարյանը պատասխանեց․«Ես դա չնշեցի, բայց երբ խոսում ենք սահմանների մասին՝ կարգավիճակը և ընդհանրապես Արցախի հիմնախնդրի չլուծված լինելու պարզ գիտակցումը ևս խոսում է այն մասին, որ սահմանագծումն ու սահմանանշումը չի կարող նշանակել Ադրբեջանի զավթողական քայլերի լռելյայն ընդունում կամ միջազգային պայմանագրով դրա ամրագրում։ Հայաստանում չի կարող լինել որևէ բանական, ազգային, պետական ուժ, որը չընդունի, որ այսօր մենք ունենք Արցախի զավթված տարածքներ ու Արցախը չի կարող հենց այնպես, ինչ-որ մեկի քմահաճույքի կամ անվտանգության զառանցանքի գնով՝ ճանաչվել Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մաս։ Իրենք պետք է հասկանան, որ Արցախի հարցը լուծված չէ, այս հարցում պետք է լինեն բանակցություններ, իրենք ընդամենը բռնազավթել են այդ տարածքները։ 21-րդ դարում անիմաստ է ուժով ինչ-որ հարց լուծել ու համարել, որ դու խաղաղություն ես հաստատել»,-եզրափակեց նա։









































