«Չնայած իշխանությունները նշում են, որ ճգնաժամն ավարտվել է, ընդդիմությունը հակառակն է պնդում։ Կարող ենք ասել, որ ընդդիմությունն այս հարցում ճիշտ է, որովհետև եթե ճգնաժամն ավարտված լիներ՝ խորհրդարանում նման իրավիճակ չէր ստեղծվի, իշխող ուժն ու ընդդիմությունն իրար հետ ձեռնամարտի չէին բռնվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ որոշ երկրներում նման խորհրդարանական պրակտիկա գոյություն ունի։ Դրա օրինակն է Ուկրաինան․«Բայց Ուկրաինայում իշխանափոխություն էր տեղի ունեցել, դրա համար էլ հետևանքները նախկին խորհրդարանում զգացվում էին։ Քանի որ Հայաստանում նույնպես իրավիճակ է փոխվել, կապիտուլյացիոն համաձայնագիր է ստորագրվել ու այդ ուժն էլ չի հեռացել քաղաքական դաշտից, շարունակում է իշխել՝ բնականաբար դա իր արձագանքը չէր կարող չթողնել խորհրդարանում։ Հատկապես, երբ խորհրդարանում ընդդիմադիր են «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնք էականորեն տարբերվում են «Լուսավոր Հայաստանից» ու «Բարգավաճ Հայաստանից» այն կտրվածքով, որ ընդհանրապես ցանկություն չունեն իշխանությունների հետ որևիցե ձևով համագործակցել»։
Արմեն Բադալյանը չի բացառում, որ նման միջադեպեր կլինեն նաև առաջիկայում․«Հիշենք, որ կոնկրետ այդ դեպքերը տեղի ունեցան կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Ի տարբերություն սովորական օրենքների, կառավարության ծրագիրը շատ կարևոր է, դա ցույց է տալիս կառավարության գործունեությունը մոտակա ժամանակահատվածում։ Այն պետք է ցույց տար նախկին երեք տարիների աշխատանքն ու ելքերի ցուցադրությունը։ Ընդդիմությունը կարող էր ջախջախիչ քննադատության ենթարկել իշխանություններին, ինչը բնականաբար ցանկալի չէր իշխող քաղաքական ուժի համար։ Այդ խիստ կարևոր փաստաթուղթը մնաց հինգերորդական նշանակության հարց, հիշվեց ձեռնամարտը։ Իշխանությունը կարողացավ այդ ձեռնամարտով ծածկադմփոց անել ու կառավարության ծրագիրը լուրջ ուշադրության չարժանացավ։ Հասարակության ուշադրությունն ուղղվեց դեպի ծեծուջարդը, ինչի արդյունքում կառավարության ծրագիրը սուսուփուս անցկացվեց»։
Խոսելով այն մասին, թե այսպիսի մթնոլորտում խորհրդարանը կկարողանա՞ երկար աշխատել, Արմեն Բադալյանն ասաց․«Այս պահի դրությամբ չենք կարող ասել։ Խորհրդարանի վարվելաձևից չի կախված նրա գոյություն ունենալը կամ չունենալը։ Բազմիցս նշել եմ, որ Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսից հետո անձիշխան համակարգ ձևավորվեց, որտեղ խորհրդարանը հատկապես այս կազմով, ձևական նշանակություն ունի։ Առանց գործադիր իշխանության փոփոխության, ասել, թե այս խորհրդարանի կյանքն ինչքան կլինի՝ անիմաստ է։ Խորհրդարանից ոչինչ կախված չէ, եթե նույնիսկ այն ունենա զրո տոկոս վարկանիշ, դրանից ոչինչ չի փոխվելու։ Հասարակությունը չի ասելու՝ խորհրդարանը վատ է աշխատում, եկեք այն լուծարենք ու նոր խորհրդարան ընտրենք։ Հայաստանում աղավաղված է քաղաքական ողջ համակարգը, այստեղ գերիշխողը գործադիր իշխանությունն ու վարչապետն է։ Չի լինի վարչապետը՝ այս խորհրդարանը կարճ ժամանակ հետո անմիջապես կլուծարվի»։









































