ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է՝ ովքեր են ընդգրկված օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը հայտարարված պահեստազորի հավաքներին:
«Այն պահեստազորայիններն են, որոնք օրենքով սահմանված կարգով ծառայել են ՀՀ ԶՈՒ-ում, ունեն կոչում՝ շարքայինից մինչև ավագ ենթասպա և ծառայությունից հետո հաշվառվել են զինկոմիսարիատներում՝ ըստ իրենց զինվորական մասնագիտության։ Իսկ կրտսեր սպայական կազմը նաև այն պահեստազորի սպաներն են, որոնք անցել են ռազմական ամբիոններ։ Ինչպես գիտեք, մեր քաղաքացիների մի մասը ծառայել է ԶՈՒ-ում, իսկ մի մասն ստացել է տարկետումներ։ Նրանք նույնպես ներգրավվելու են այս վարժական հավաքներին, բայց տարիքային ցենզը չի գերազանցելու 55 տարեկանը», – ասնել է Ավթանդիլյանը, ապա հավելել, որ հավաքներին չեն ներգրավվելու այն պահեստազորայինները, ովքեր ունեն առողջական խնդիրներ և ազատված են զինվորական ծառայությունից. կան նաև այլ դեպքեր։
«Ընտանիքի կազմում փոփոխություն լինելու դեպքում, օրինակ՝ 4 և ավելի երեխա ունենալու պարագայում քաղաքացիները պարտավոր են 7-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկանք իրենց տարածքային ստորաբաժանման ղեկավարին, որպեսզի գրառումը կատարվի, մենք իմանանք նրանց ընտանեկան վիճակը։ Ինչպես նաև առողջական խնդիր ունեցող պահեստազորայինները պարտավոր են իրենց առողջության փոփոխության դեպքում ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք, որպեսզի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, բժշկական հանձնաժողովը, նրանց ուղեգրեն հետազոտման՝ առողջապահության նախարարության բուժհաստատություն։ Այնուհետև հետազոտման ավարտից հետո զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը որոշում կընդունի քաղաքացու զինվորական պիտանելիության վերաբերյալ», – ասել է Ավթանդիլյանը
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:








































