Յոթերորդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստում հրատապ կարգով մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկվեցին և ընդունվեցին։
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ տպավորություն էր, որ այն պատգամավորները, որոնք նախաձեռնել էին այդ քննարկումները, ցանկանում էին հրատապ կարգով, կեղծ հիմնավորումներով ընդունել դրանք։ Մինչդեռ այդ օրինագծերից որոշները ոչ միայն հանրային քննարկում չեն անցել, այլև մասնագիտական մարմինների կարծիք չեն ստացել։ «Այսպես, նույն ձևով փորձում են անցկացնել զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության մասին օրինագիծը։ Դա մի փոփոխություն է, որով ցանկանում են դրոշմանիշային պարտադիր վճարը 1 միլիոնից ավել գումար ստացողների համար կրճատել։ Եվ դա հիմնավորում են նրանով, որ այն վերաբերում է անհատ ձեռնարկատերերին։ Դրանով նրանց հարկային պարտավորությունները կկրճատվեն ու նրանց բիզնեսը ավելի կաճի։ Սա կեղծ հիմնավորում է։ Ավելին՝ ասում են, որ հիմնադրամում այնքան է շատացել հավաքագրված գումարները, որ էլ որոշների մասով հավաքագրման իմաստ չկա։ Բայց հարց է առաջանում, եթե այդպես է և հնարավոր է հիմնադրամի նորմալ գործունեությունը ապահովել, ապա ինչո՞ւ չի իջեցվում ցածր եկամուտ ունեցողների համար գանձվող գումարի դրույքաչափը։ Փոխարենը իջեցնում են բարձր եկամուտ ունեցողների դրույքաչափը։ Ի՞նչ է՝ բարձր եկամուտ ունեցողների հայրենասիրության մակարդակը պակասե՞լ է։ Ինչո՞ւ պետք է ավելի քիչ եկամուտ ստացողը իր եկամուտի 3 տոկոսը վճարի, իսկ պատգամավորը, կամ ֆինանսաբանկային համակարգի աշխատող ավելի բարձր ստացողը վճարի իր եկամուտից 0,003 տոկոս։ Ինչո՞ւ։ Այս նախագիծը կոռուպցիոն արտոնություն է սահմանում։ Տպավորություն է, որ այս նախագծով նախագծի հեղինակ պատգամավորները իրենց հետագա աշխատանքի ու եկամուտների մասին են մտածում։ Կամ ավելի կոնկրետ խմբային շահ են սպասարկում և ոչ թե անհատ ձեռներեցների և հասարակության շահը»,-ասաց Արիստակեսյանը։
Նույն հաջողությամբ, ըստ տնտեսագետի, պետք է վերացվի եկամտահարկի վերադարձի օրենքը, որը, մեր զրուցակցի խոսքով, ապօրինի արտոնություն է, որը հարստացնում է բարձր եկամուտ ունեցողներին։ Պետք է համահարթ եկամտահարկի տարբերակը փոխարինվի պրոգրեսիվ եկամտային հարկով.«Սրանք բոլորը կոռուպցիոն սխեմաներ են, որոնք գործում են բարձր եկամուտ ունեցողների, այդ թվում՝ պատգամավորների համար, որոնք և այդ օրինագծերի հեղինակներն են։ Նրանք պետական բյուջեից ստանում են աշխատավարձ, պարգևավճար, որ ընդունեն օրենքներ, որով իրենց ֆինանսական վիճակն ավելի կլավացնեն։ Ընդ որում, կրկնում եմ, արտահերթ նիստում քննարկվող օրինագծերի վերաբերյալ որևէ կարծիք չի ներկայացրել ֆինանսների նախարարությունը, չի եղել հանրային քննարկում և շտապողականության քողի տակ փորձեցին անցկացնել կոռուպցիոն, խմբային շարեր սպասարկող օրինագծեր»,-ընդգծեց Արիստակեսյանը։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի










































