Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը հրապարակել է «Ռուսաստան և Ադրբեջան – Կովկասում ԱՄՆ քաղաքականության խոչընդո՞տ» խորագրով խմբագրական վերլուծությունը, որի նախաբանում նշված է.
«Օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց Ռուսաստան, որպեսզի հանդիպի իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ։ Ռուսաստանն ու Ադրբեջանն այդ հանդիպումն օգտագործում են իրենց սերտ կապերի մասին ԱՄՆ-ին հիշեցնելու համար։ Այդ ամենը տեղի է ունենում Վաշինգթոնի ու Մոսկվայի միջև լարվածության աճի և ադրբեջանական էներգակիրների նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության մեծացման ֆոնի վրա»։
Բուն վերլուծությունում ասվում է. «Օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց Ռուսաստան, որպեսզի հանդիպում ունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Այդ այցի նախօրեին ԶԼՄ-երը հիմնականում նշում էին, որ Ռուսաստանը շարունակում է իր փորձերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մինչդեռ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող էին քննարկել հարցերի շատ ավելի լայն շրջանակ։
Stratfor-ի ռուսական աղբյուրները վստահեցնում են, որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ վատթարանում են։ Մոսկվայի ու Վաշինգթոնի դիմակայության գոտիներից մեկը Կովկասն է, և այդ տարածաշրջանում ընթացող զարգացումները արդեն վաղուց ծառայում են որպես Վաշինգթոնի ու Մոսկվայի փոխհարաբերությունների ցուցիչ։ Ռուսաստանը ցանկանում է օգտագործել Ադրբեջանի հետ իր կապերը՝ Կովկասում ունեցած սեփական ազդեցության մասին ԱՄՆ-ին հիշեցնելու համար։
Մյուս կողմից էլ Ադրբեջանի սովորական ռազմավարության մասը կազմում են Վաշինգթոնի վրա ճնշում գործադրելու ու Մոսկվային օգնելու փորձերը։ Ադրբեջանը մշտապես փորձում է խաղալ արտասահմանյան երկրների հակասությունների վրա՝ դրանք ծառայեցնելով սեփական շահերին։
Իր աշխարհաքաղաքական նշանակության հանդեպ վերստին վստահություն ձեռք բերած Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում սկսել է երկակի քաղաքականություն վարել ԱՄՆ-ի հանդեպ։ Այն իրենից ենթադրում է միաժամանակյա համագործակցություն ու հակամարտություն։ Թեև մի շարք ոլորտներում Վաշինգթոնն ու Մոսկվան համագործակցում են՝ Ռուսաստանը մի շարք հարցերի շուրջ դժգոհ է ԱՄՆ-ից։ Մասնավորապես, նրան անհանգստացնում են Կենտրոնական Եվրոպայում բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանական համակարգեր տեղակայելու Վաշինգթոնի պլանները։
Ոչ վաղ անցյալում ԱՄՆ Կոնգրեսը ձեռնարկեց մի շարք հակառուսական քայլեր, որոնք լրջորեն մտահոգեցին Մոսկվային։ Հուլիսի 26-ին ԱՄՆ Սենատն օրենք ընդունեց, որն արգելում էր իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը մասնակցելու մեջ մեղադրվող մոտ 60 ռուս չինովնիկներին անցագիր տրամադրելը։
Հուլիսի 29-ին ԱՄՆ Սենատն ընդունեց մի բանաձև, որում Մոսկվային կոչ էր անում դուրս բերել զորքերը Հարավային Օսիայից ու Աբխազիայից։ Եվ վերջապես, նույն օրը Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Կոնգրեսին ներկայացրեց մի զեկույց, որում Ռուսաստանը մեղադրվում էր 2010 թվականին Վրաստանում ահաբեկչությունների շարք կազմակերպելու մեջ՝ ներառյալ Թբիլիսիում ամերիկյան դեսպանատան պայթեցման փորձը։
Թեև Կոնգրեսի ընդունած օրենքները կարող են չարտացոլել ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը, Ռուսաստանը սկսել է մտահոգվել նրանից, որ մի շարք չափազանց հակառուսական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ ԱՄՆ-ի առաջիկա ընտրական շրջանի արդյունքներով կարող են ավելի մեծ իշխանություն ստանալ։
Վաշինգթոնի ու Մոսկվայի փոխհարաբերությունները բարդացնող չլուծված հարցերը ավելի հստակ կձևակերպվեն այս աշնանը կայանալիք առաջիկա երկկողմանի միջոցառումների ժամանակ, որոնց թվում մտնում են նաև նախագահներ Մեդվեդևի ու Օբամայի հերթական հանդիպումը և հակահրթիռային պաշատպանության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև բանակցությունների հերթական փուլը։
Ռուսաստանն Ալիևի այցն օգտագործում է նրա համար, որպեսզի այդ հանդիպումների նախաշեմին ընդգծի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները։ ԱՄՆ-ին հիշեցնելով Կովկասում ունեցած իր ազդեցության մասին՝ Մոսկվան Վաշինգթոնին ցույց է տալիս, որ վրացական հարցում ԱՄՆ-ի յուրաքանչյուր ագրեսիվ գործողություն չի մնա անպատասխան։
Ադրբեջանն իր դրդապատճառներն ունի՝ Ռուսաստանի հետ համագործակցելու համար։ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները դժվար է պարզ անվանել։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ում գործում է մեծ և ազդեցիկ հայկական լոբբին, որը ժամանակ առ ժամանակ կարող է Վաշինգթոնին ստիպել գործել ի շահ Հայաստանի՝ անտեսելով Ադրբեջանի շահերը (ինչպես որ Ադրբեջանի զենքի մատակարարումների վրա դրված բեռնարգելքի պահպանման պարագայում է)։
Միևնույն ժամանակ, չնայած Վաշինգթոնի ու Բաքվի տարաձայնություններին, ԱՄՆ-ը չափազանց հետաքրքրված է ադրբեջանական էներգետիկ հատվածով։ Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ը քիչ գումարներ չի ներդրել ադրբեջանական էներգետիկայում։ Թեև ավելի ուշ Վաշինգթոնը տարվեց իսլամական աշխարհի հակամարտություններով՝ Ադրբեջանի էներգետիկ հատվածում միջոցներ ներդնել հարկադրած աշխարհաքաղաքական շահերը ոչ մի տեղ չանհետացան, և այժմ ԱՄՆ-ը ցանկանում է ներազդել այդ ոլորտի զարգացման վրա։
Ռուսական հզորության վերականգնման ֆոնին ԱՄՆ-ը կցանկանար, որ Ադրբեջանը խաղար առանցքային դեր էներգակիրների արդյունահանման ու փոխադրման համակարգերի զարգացման գործում, որոնք ի վիճակի են օգնել եվրոպական շուկաներին ձերբազատվել ռուսական առաքումներից ունեցած կախվածությունից։ Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր կնքեն, ըստ որի՝ Բաքուն սկսի կենտրոնանալ այն էներգետիկ նախագծերի վրա, որոնք Ռուսաստանին չեն խանգարի պահպանել իր գերիշխող դերը, ապա դա հարված կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին։
Կովկասյան մյուս երկրների համեմատ՝ Ադրբեջանն ավելի շատ է խաղում գերտերությունների հակասությունների վրա՝ հետապնդելով սեփական շահերը։ Ընդ որում, նրան առաջին հերթին հետաքրքրում է իր նավթագազային ոլորտի զարգացումը։ Ադրբեջանը, հազիվ թե, երբևէ ամբողջությամբ հակվի դեպի Ռուսաստան կամ ցանկացած այլ երկիր, քանի որ Բաքուն չի ցանկանում, որ իր էներգետիկ արդյունաբերության ապագան կախված լինի որևէ խաղացողից։
Սակայն թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն, ցույց տալով, որ միմյանց միջև հնարավոր է համագործակցություն, առավելություն են ստանում այլ երկրների հետ բանակցություններ վարելիս։ Այդ ռազմավարության վառ օրինակն Ալիևի ռուսական այցն է։ Մոսկվան ու Բաքուն դա օգտագործում են ԱՄՆ-ին հիշեցնելու համար, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են ցանկացած պահին համագործակցություն սկսել՝ ի վնաս ԱՄՆ-ի շահերի»։
Տեսանյութ.









































