«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը
Սյունիքի դեպքերի հետ կապված երբ Ֆրանսիան հայտարարություններ արեց, կարծիքներ են հնչում, որ պետք է բացել ֆրանսիական զորքի ճանապարհը դեպի Սյունիք, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ Ֆրանսիան դա առաջարկում է անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո: Այսօր հնչում են հարցադրումներ, թե ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ: Ձեր կարծիքով ճի՞շտ է անում Հայաստանը, որ չի շտապում դիմել ՄԱԿ-ին, ո՞րն է պատճառը:
Ես կարծում եմ՝ մեր իշխանությունները չեն կարողանում կողմնորոշվել՝ մեզ պետք է մեր կողմնակից Ֆրանսիա, թե նեյտրալ Ֆրանսիա: Եթե այս կողմնորոշումն ունենան, բնականաբար, արդեն ավելի հեշտ կլինի պատկերացնել մեր գործողությունների հաջորդականությունը: Բայց մեզ մոտ, ինչպես շատ ու շատ այլ հարցերում, արտաքին քաղաքականության մեջ հստակեցում չկա, կողմնորոշվածություն չկա, պատկերացում չկա, թե մենք ինչ ենք ուզում, ռազմավարական քայլերի հաջորդականություն չկա: Այդ ամենը, բնականաբար, բերում է համապատասխան իրավիճակի, որի հետ այսօր բախվում ենք:
Նշվում է նաև, որ Ֆրանսիան իրականում Հայաստանին առաջարկում է Ռուսաստանի հետ աշխատանքի նոր հնարավորություն, նոր խաղաքարտ է տալիս Հայաստանին: Որքանո՞վ է սա իրատեսական, որովհետև կա կարծիք, որ եթե մենք դիմենք ՄԱԿ-ի ԱԽ, հնարավոր է Մոսկվան վետո դնի:
Մի բան է ակնհայտ, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, բայց այն,ինչ տեղի է ունենում Սյունիքում, ֆորմալ առումով առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ձևավորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ապահովելու համար, իսկ այստեղ գործ ունենք ոչ թե ԼՂ խնդրի, այլ Հայաստանի սուվերեն տարածքի հետ: Այդ տեսանկյունից, ֆորմալ առումով Մինսկի խումբը Սյունիքի հետ կապ չունի, բայց ոչ ֆորմալ առումով, իհարկե, հասկանալի է, որ դա ամենաարդյունավետ ձևաչափն է, որպեսզի բանակցությունները վարվեն և ընթանան: Այնպես որ, հիմա մենք պետք է կողմնորոշվենք, թե մեզ այսօր պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որի միջոցով մենք կկարողանանք խաղաղապահ առաքելություն ապահովել, թե պետք չէ: Պետք է պլանավորենք մեր քայլերի հաջորդականությունը, բայց ռազմավարություն, պատկերացում չունենալու պատճառով որևէ ադեկվատ գործողություն անել հիմա չենք կարողանում:
Իշխանության քայլերը ցույց են տալիս, որ նա չունի կոնկրետ ռազմավարությո՞ւն:
Իհարկե չունի և դա շատ վատ է: Որևէ ռազմավարական պլանավորում մենք չունենք: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք չենք հասկանում, թե մեր իշխանություններն ինչ են ուզում անել և ինչ են անում: Սա, իհարկե, պրոբլեմատիկ պահ է:
Նաև կա տեսակետ, որ երբ Ֆրանսիան Հայաստանին առաջարկում է Ռուսաստանի հետ աշխատանքի նոր հնարավորություն, դա քննարկված է նաև Վաշինգտոնի հետ: Այդպիսի սցենարը որքանո՞վ է հավանական:
Եթե խոսքը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մասին է, ապա Ռուսաստանը նույնպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ է և եթե նման առաքելություն լինի, ապա դա կլինի նաև Ռուսաստանի մասնակցությամբ: Այս առումով այնպես չի, որ ուղղակի հակասություն կա ռուսական շահերի հետ: Իհարկե, պարզ է, որ Մոսկվայի համար շատ ավելի ցանկալի է, որ Ռուսաստանը բացառիկ ներկայացվածություն ունի տարածաշրջանում: Վերջիվերջո, դա Ռուսաստանին սահմանակից տարածաշրջան է: Համենայնդեպս, այս առումով, Ռուսաստանն էլ կարող է ցանկացած պարագայում ունենալ իր շահը:
Ինչո՞վ է պայմանավորված, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության մեր դիմումին շատ պասիվ պատասխանեց, իր պարտավարությունները չկատարեց: Դա բխում էր նաև Ռուսաստանի շահերի՞ց:
Պետք է հասկանալ, թե ՀԱՊԿ-ն ինչ կառույց է և ինչ ապագա կարող է ունենալ նման պարագայում, որովհետև ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք ավելի մեծ հաճույքով իրենց կառույցում կտեսնեին Ադրբեջանին, քան Հայաստանին: Երկրորդ, ակնհայտ է, որ այդ երկրներից ոչ մեկը Ադրբեջանի դեմ գործողություն չի իրականացնի, ավելի շուտ ՀԱՊԿ-ից դուրս կգան, քան Ադրբեջանի դեմ ինչ-որ գործողություն կանեն հօգուտ Հայաստանի: Այնպես որ, կարծում եմ՝ մենք սա պետք է գիտակցենք:
Ամեն դեպքում Ռուսաստանի կողմից ևս կրավորական դիրքորոշում չէ՞ր, երբ խոսքն իր ռազմավարական դաշնակից Հայաստանի տարածք ներխուժման մասին է:
Ռուսները բազմիցս հայտարարել են, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունեն երկու երկրների հետ հարաբերությունները: Եթե մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք, Ադրբեջանն էլ ռազմավարական գործընկեր է Մոսկվայի համար: Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող ակնհայտորեն կողմնակալություն անել և պաշտպանել մի կողմին մյուս կողմի հաշվին: Սա նույնպես մենք պետք է հստակ գիտակցենք և ունենանք արտաքին քաղաքականության մեջ մեր հստակ հաշվարկները:





































