Մի քանի օր է հայկական համացանցում, տեղական ու միջազգային լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ Թե ինչ հետևանքներ կունենա ԱՄՆ նախագահի այս քայլը, արդեն իսկ բացատրել են մասնագետները՝ խոսելով հնարավոր թե՛ իրավական և թե՛ քաղաքական հետևանքների մասին։
Կա տեսակետ նաև, որ ԱՄՆ-ն այս քայլով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անմասն չի մնալու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։ Ընդ որում՝ ակտիվ են քննարկումներն այն իմաստով, որ ԱՄՆ-ն սրանով ցույց տվեց, որ առաջիկայում ակտիվ մասնակցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչը նկատելի չէր Թրամփի վարչակազմի օրոք։ Շեշտենք նաև, որ ԱՄՆ-ն այն երկրներից է, որը տարբեր մակարդակներով նշել է, որ այդ հակամարտությունը լուծված չէ և որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդամենը միջանկյալ միջոց էր՝ պատերազմը կանգնեցնելու համար։
«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս մեկ անգամ վերահաստատեց նախկինում հնչեցրած իր այն տեսակետը, որ կա անհրաժեշտություն վերականգնել Մինսկի խմբի ֆորմատը.«Ես մշտապես հենվել եմ ԵԱՀԿ Աստանայի հայտնի գագաթաժողովի վրա, որտեղ ելույթ ունեցավ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նա հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա ու Միացյալ Նահանգները չի ընդունի որևէ այլ՝ հատվածական որոշում։ Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները պետք է ամբողջությամբ իմպլեմենտացվեին. դա միջազգային իրավունքի մի մաս էր։ Ելնելով սրանից՝ ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն կհետևի Աստանայի գագաթաժողովի տառին ու ոգուն»։
Կարեն Օհանջանյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարում է ընդամենը մի թուղթ, որը չունի պայմանագրային հիմք.«Դա միջազգայնորեն հաստատված փաստաթուղթ չէ։ Այդ հայտարարությամբ պարզապես տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի օկուպացիա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի կողմից հետպատերազմյան շրջանում։ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ լուծված է, Ռուսաստանը համարում է, որ ինքն ապահվել է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը ու հարցը լուծված է, մնում են միայն հումանիտար հարցեր։ Այս ամենից հետո, սակայն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ կարևոր հայտարարություն արեց՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ և այն պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափում։Դրան հետևեց, ինչպես հիշում եք, Պուտինի հայտարարությունը, որը միջազգային հանրությանը կոչ արեց հումանիտար աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղին։ Դրանից մեկ-երկու օր հետո էլ Դմիտրի Մեդվեդևը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն պետք է որոշվի, թեպետ Ռուսաստանը համարում է, որ այսօր այդ խնդրին վերադառնալու ժամանակը չէ, այն շատ նուրբ հարց է։ Այսինքն՝ Ռուսաստանն էլ իր հերթին համարում է, որ հարցը լուծված չէ»։
Օհանջանյանը հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախընտրական արշավի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի արդար հենքի վրա.«Իսկ արդարությունը ենթադրում է միջազգային իրավունք, դա էլ իր հերթին այն է, ինչի մասին խոսում էր ժամանակին Հիլարի Քլինթոնը։ Հիմա Ջո Բայդենը ճանաչել է հայերի Ցեղասպանությունը, դա ենթադրում է, որ Թուրքիան մեղավորն է, այդ թվում նաև այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը, Կարսը տրվել է իրենց։ Եթե Ջո Բայդենը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա ենթադրում է, որ ընդունում է նաև Ցեղասպանության շարունակությունը՝ այսինքն հայաբնակ տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Մենք ականատես եղանք Մակրոնի ու Պուտինի հեռախոսազրույցին, որտեղ նրանք նշում էին, որ Մինսկի խումբը պետք է ակտիվանա և որ այնտեղ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցը չլուծվի հօգուտ Լեռնային Ղարաբաղի անկախության, ապա մեր ժողովուրդը ստիպված կլինի լքել իր տները: Այդպիսով նաև Ռուսաստանը ստիպված կլինի լքել այս տարածաշրջանը։ Դա չի նշանակի, որ մենք լքելու ենք մեր հայրենիքը ընդմիշտ, որովհետև ժամանակին Իսրայելը նման ձևով ինքնորոշման իրավունք ստացավ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերով։Մենք էլ կսպասենք նման մի որոշման ու մեր հայրենիքը նորից կվերակերտենք»։








































