Ես որոշեցի գալ Հայաստան, իմ երազանքը կատարվեց. այստեղ աշխատում եմ, մասնակցել եմ վերջին պատերազմին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց լիբանանահայ Արմեն Ջորջը:
«Ցավոք սրտի այս պատերազմում մենք արդիական զենքեր չունեինք, հնադարյան զենքերով ենք կռվել: Խրամատներ չունենք, պատնեշները ուժեղ պետք է լինեին: Շատ մեծ խրամատներ պետք է ունենանք՝ վրան 6 մետր հող, օդանցքներով: Այդ դեպքում մենք կունենայինք ըդամենը 50 զոհ, ոչ թե 5 հազար: Մենք արդիական զենք չունեինք, իսկ հակառակորդը աշխարհում ինչքան արդիական զենք կա, մեզ վրա փորձարկեց ու հաջողեց»,-ասաց նա՝ հավելելով, որ պատերազմում շատ դավաճանություններ է տեսել:
Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը, լիբանանահայն ասաց. «Մենք պետք է հզորանանք, ուս-ուսի տանք և մեր հարցը մենք անձամբ Թուրքիայի հետ լուծենք, աշխարհը չի ճանաչելու, եթե մենք ուժեղ չեղանք: Իսկ ուժեղ լինելու համար պետք է միավորվենք, հզոր զենքեր արտադրենք: Եթե ուժեղ եղանք, բոլորն էլ ճանաչելու են»:







































