Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հորդորել է կանանց հնարավորինս հետաձգել հղիությունը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում հավանական ռիսկերից խուսափելու համար:
Ըստ առողջության առաջնային օգնության վարչության գերատեսչության քարտուղար Ռաֆայել Կամարայի, նման խնդրանքը պայմանավորված է նրանով, որ COVID-19 նոր տարբերակներն սկսել են ավելի ագրեսիվորեն արտահայտվել հղի կանանց մոտ: Այնուամենայնիվ, նա նշել է, որ մինչ այժմ այս թեմայի վերաբերյալ միջազգային կամ ազգային ուսումնասիրություններ չեն եղել:
«Նախկինում հիվանդության ծանր ընթացքը կապված էր հղիության ավարտի հետ, բայց այժմ ավելի ծանր ընթացք է նկատվում երկրորդ և նույնիսկ առաջին եռամսյակում», – նշել է Կամարան:
Ներկայումս Բրազիլիայի առողջապահության նախարարությունն ուսումնասիրում է հղի կանանց կորոնավիրուսի դեմ պատվաստելու հարցը: