Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել  1in.am կայքին: Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ.

Նվեր Մնացականյան – Բարև Ձեզ, մենք Հայաստանի կառավարությունում ենք: Այս հանդիպումը հատուկ ռեժիմով է, մեր զրուցակիցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Բարև Ձեզ հարգելի վարչապետ, ինչպե՞ս եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն:

Նվեր Մնացականյան – Պատերազմի ավարտից անցել է երեք ամսից ավելի ժամանակ: Մենք կարո՞ղ ենք արդեն ֆիքսել՝ մեր հրատապ խնդիրը Հայաստանի ներսո՞ւմ է, թե՞ Հայաստանի շուրջ զարգացումներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում: Եվ, իհարկե, կան հետևանքներ, որոնք անհաղթահարելի են: Մասնավորապես՝ նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց, ցավոք, այլևս չենք վերադարձնի: Իսկ, ընդհանուր առմամբ, մենք, իհարկե, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ: Եվ իմ գնահատմամբ, թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Եվ սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես, որպես առաջնային խնդիր, ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը: Եվ չենք կարող ասել, որ այդ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց, կարծես թե, մենք վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ:

Նվեր Մնացականյան – Խոսքն անվտանգային նոր համակարգի մասի՞ն է, եթե հաշվի առնենք, որ նախկինը պարտվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անվտանգային համակարգ ասելով, պետք է պարզաբանենք՝ ինչ նկատի ունենք: Դուք ի՞նչ նկատի ունեք:

Նվեր Մնացականյան – Ես նկատի ունեմ մեր սահմանների պաշտպանությունը, մեր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ինչպես նախկինում, հիմա էլ գտնվում ենք արտաքին անվտանգության նույն համակարգում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Եվ պետք է արձանագրել, ես առիթ ունեցել եմ ասելու, որ մենք նախկինում որոշակի առնվազն հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ: Օրինակ, շատերն ասում են, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական առումով չի միջամտել ղարաբաղյան պատերազմին: Պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս: Դրանից դուրս, ըստ էության, նման պարտավորություններ ձևակերպված չեն: Եվ, իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ մենք ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմներն այդտեղ որոշակի դերակատարում ունեցել են:

Եվ դա պետք է խոստովանել: Ինչ վերաբերում է ընդհանուր մեր անվտանգային տարածաշրջանային համակարգին, մենք, իհարկե, պետք է ձեռնամուխ լինենք բանակի բարեփոխումներին՝ կառուցվածքային բարեփոխումներին, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների և ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով: Բացի դա, իհարկե, պետք է գնահատենք այն իրադրությունը, որ ունենք տարածաշրջանում և գնահատենք այն դերը և նշանակությունը, որ ունենք տարածաշրջանում, գնահատենք այն հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում: Ե՛վ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք: Սա թերևս ամենակարևոր անելիքներից է:

Նվեր Մնացականյան – Սյունիքում մենք անլուծելի խնդիր ունե՞նք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչ իմաստով:

Նվեր Մնացականյան – Սահմանի, բնակավայրերի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք:

Նվեր Մնացականյան – Սյունիքի կապակցությամբ անհանգստության հետ կապ ո՞ւնի ապաշրջափակման գործընթացը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջավայրի փոփոխություն անխուսափելիորեն բերում է որոշակի մտահոգությունների և անհանգստությունների: Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է: Եվ կարծում եմ, որ կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար: Եվ մենք այս օրակարգը պիտի ձևակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով պետք է կառավարենք դրանք:

Նվեր Մնացականյան – Քանի որ ապաշրջափակումից խոսեցինք, ո՞վ է ամենաշահագրգիռ կողմն այս գործում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ ֆիքսենք մեր մասնաբաժինն այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ այստեղ է, որ պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանանք հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման: Տեսեք, հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման մասին քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները, և այս շահագրգռությունները, իհարկե, առավել հետաքրքիր են դարձնում թեման: Կրկին եմ ասում, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ: Բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի նշանակում, թե այնտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:

Նվեր Մնացականյան – Գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:

Նվեր Մնացականյան – Բոլորը բոլորի դիմաց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ընդ որում էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց:

Նվեր Մնացականյան – Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարն ընտրել այդ արտահայտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավարությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին:

Նվեր Մնացականյան – Մենք պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում ենք անթերի: Մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ իրական հնարավորությունը կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել:

Նվեր Մնացականյան – Այսինքն, այնուամենայնիվ, կա մի ժամանակափուլ, որից այն կողմ այս խնդիրը ձգել հնարավոր չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում մինչև այս պահին 69 գերի է վերադարձվել, մենք պիտի շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն:

Նվեր Մնացականյան – Հայաստանի ներսի մասին: Կա՞ ներքաղաքական ճգնաժամ, Ձեր դիտարկմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանանք դրա պարամետրերը: Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կայուն են: Իսկ որ, իհարկե, հետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, դա էլ ակնհայտ է: Եվ, իհարկե, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունն այդ պատասխանները գտնելու հարցում՝ կառուցողական լինելու իմաստով, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրան:

Գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա, առաջին հերթին, խորհրդարանական ուժերին ուղղված առաջարկով՝ 2021 թվականին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այդ առաջարկը մերժվեց, և մեզ համար ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում, ապա ցավոք, մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է: Եվ ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որը մերժվում է իրենց կողմից, և այս հետևությունը բխում է այդ մերժումից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի հետևանքով Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևանքով՝ մեծ հավանականությամբ կահագնանան նաև արտաքին մարտահրավերները: Եվ այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այդ է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ ընտրությունների հավանականությունը պահպանվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Բայց խնդիրն այն է, որ շատ կարևոր է, օրինակ, ինչո՞ւ միակողմանի որոշում չկայացնել՝ խորհրդարանական մեծամասնություն-կառավարություն ֆորմատով իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է: Որովհետև մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասեցին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով: Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:

Նվեր Մնացականյան – Այս մթնոլորտի լիցքաթափման այլ գործիք տեսնո՞ւմ եք Դուք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս մթնոլորտի լիցքաթափման հաջորդ գործիքը «Ճանապարհային քարտեզ»-ի արդյունավետ իրագործումն է: Եվ կարող եմ արձանագրել, որ նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ը բավականին հաջողությամբ իրականացվում է: Այս պահի դրությամբ շուրջ 17 ծրագիր ենք իրականացրել, ընդ որում շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այսօրվա դրությամբ մենք Արցախում շուրջ 23 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որը վերաբերել է ամենատարբեր ոլորտների, հիմնականում՝ սոցիալական և Արցախի պետական կառույցների աջակցության: Եվ ընդհանուր փաթեթը, որն ընդունված է այս պահին և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 մլրդ դրամի: Նաև Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում՝ Սյունիքի մարզում: Շատ կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Կարևոր եմ համարում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին աջակցելու ծրագիրը, վիրավորվածներին աջակցելու ծրագիրը: Այն ծրագիրը, որով մենք պատերազմին մասնակցած մեր եղբայրներին ու քույրերին կամ նրանց ընտանիքների անդամների մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ենք իրականացնում: Հիմա քննարկում ենք լայնածավալ հիփոթեքային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում:

Եվ շատ կարևոր եմ համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները, որը վճռականորեն իրականացնում ենք: Ըստ էության, տեսեք ինչ է տեղի ունենում՝ տնտեսությունն արձագանքում է մեր իրականացրած միջոցառումներին: Փետրվարի առաջին քսան օրերի տվյալներով երկրում առևտրաշրջանառությունը շուրջ 44 մլրդ դրամով գերազանցել է 2020թ. փետրվարի առաջին քսան օրվա ցուցանիշը: Դա 13 տոկոսով ավելի է: Խնդրում եմ հաշվի առեք, որ նախորդ տարվա փետրվարին դեռ կորոնավիրուսի համաճարակը տնտեսական նեգատիվ ազդեցություն չէր բերել: Եվ նախորդ տարվա փետրվարին իր հերթին շատ լուրջ աճ էր արձանագրվել 2019թ. փետրվարի նկատմամբ, որը, այսպես ասած, շատ լուրջ տնտեսական վերելքի ժամանակաշրջան էր:

Իսկ քաղաքական իրադրության հետ կապված կարծում եմ՝ այլ ճանապարհ, քան երկկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա, ինչը մեր «Ճանապարհային քարտեզ»-ի անբաժանելի մասն է: Եվ մենք այս ընթացքում նաև քաղաքական քննարկումներ, կոնսուլտացիաներ ենք ունեցել՝ հաջող և անհաջող, բայց այդ ճանապարհը, իհարկե, պետք է շարունակենք:

Նվեր Մնացականյան – Մի քիչ տարօրինակ չէ՞, որ ձեր նշած քաղաքական ռադիկալությունը դրսևորվում է հատկապես այն ուժերի կողմից, որոնց ժամանակին մերժել է հեղափոխությունը: Ավելի կոնկրետ ասեմ՝ կարծես թե տպավորություն է արդեն վերջնական, որ ընդդիմության այդ սեգմենտը կգլխավորեն նախկին նախագահները՝ երկրորդը և երրորդը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես մի փաստի վրա կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել. կառավարության նկատմամբ Ձեր նշած շրջանակների վերաբերմունքը, ովքեր այսօր շատ ակտիվ են, պատերազմից առաջ և հետո չի փոխվել: Այսինքն՝ եթե մենք տեսնենք, թե ինչ էին ասում նրանք պատերազմից առաջ, կտեսնենք, որ նույն բանն են ասում պատերազմից հետո: Այլ բան, որ, այսպես ասած, հիմնավորումներ, ձևակերպումներ են փոխվել, բայց մեծ հաշվով վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ վերաբերմունքն արձանագրվել է 2018թ., 2019թ., 2020թ., պատերազմից առաջ: Ի վերջո, կան այսօր կառավարության հրաժարականը պահանջող քաղաքական ուժեր, ովքեր կառավարության հրաժարականը պահանջել են արդեն 2018թ. հունիսին, 2018թ. հուլիսին:

Նվեր Մնացականյան – Երբ երկրորդ նախագահն ասում է, որ եթե ես լինեի պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի, ի՞նչ հիմնավորմամբ է դա ասում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա:

Նվեր Մնացականյան – Ի դեպ, ապացուցելու մասին: Ի՞նչ հավանականություն և հնարավորություն կա ապացուցել, պարզել, դիտարկել պատերազմի մասին ողջ ճշմարտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ գործընթացը հիմա տեղի է ունենում: Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարևոր է: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում:

Վերադառնալով իմ նախորդ հարցին, տեսեք, օրինակ, փաստեր, որոնք հրապարակային են և որոնք կարող ենք դիտարկել: Օրինակ՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անգամ մեր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե: Եվ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը:

Նվեր Մնացականյան – Որովհետև գիտեի՞ք, որ պատերազմն անփուսափելիորեն հասունանում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այսօր կարող ենք հետահայաց նայել և տեսնել, օրինակ, ինչ էր ասում մերժվածը 2018թ. ապրիլին: Նա, ըստ էության, ասում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է և որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձելու լուծել հարցը: Այսինքն՝ փակուղում է բանակցային գործընթացը, և այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Այսինքն՝ մինչև վերջ դեռ կարելի էր հույս ունենալ: Բայց դրանից հետո այլևս չի կարելի հույս ունենալ: Բայց եկեք, ընդհանուր առմամբ, նայենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, թե մենք ինչ փուլերով ենք անցել:

Նվեր Մնացականյան – Ներողություն: Այստեղ մի նրբություն չմոռանանք և գանք Ձեր ասածին: Երրորդ նախագահը նաև ասում էր, որ ռազմական բյուջում թողել ենք անօդաչու սարքերի գնման ծրագիր: Հիմա թվաքանակը ճիշտ չեմ հիշում: Դա ինձ համար նորություն էր: Իսկ Ձե՞զ համար, որ Դուք այդ գնումը պետք է կատարեիք 2018-2020թթ. ժամանակահատվածում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Եվ նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարևոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխավոր շտաբի նախկին պետը: Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք: Իսկ ո՞վ է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նույնպես կարևոր հարց է: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից և այլն, և այդպես շարունակ: Շատ կարևոր արձանագրում. օրինակ, տեսեք, վարչապետ ընտրվելուց հետո, ես ի՞նչպիսի քայլեր եմ ձեռնարկել բանակի և զինված ուժերի նկատմամբ: Վարչապետ եմ դարձել հեղափոխությամբ: Եվ ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում: Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարությունում նույնպես շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ:

Նվեր Մնացականյան – Ձեր նշած պահպանողականությունն այսօր շատերը չեն ողջունում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չէ, բայց, համենայնդեպս, Զինված ուժերի ոլորտում…

Նվեր Մնացականյան – Իսկ ինչո՞ւ: Ի՞նչն էր Ձեզ ստիպել այդ քայլին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև կարծում էի, որ այսպիսի ռազմաքաղաքական իրավիճակում, որ մենք ունենք, բանակում հեղափոխական միջամտություններ անելը կարող է շատ նեգատիվ հետևանքների բերել: Նկատի ունեմ, այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020թ., դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով: Մի տարում ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով աճել են: Եվ մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ սկսած կենցաղայինից, կներեք արտահայտությանս, վարտիքից սկսած մինչև սնունդ, սպառազինություն և այդպես շարունակ: Եվ Զինված ուժերի գործունեության իմ կանխավարկածը, եղել է այն, որ այդտեղ քաղաքական և հեղափոխական միջամտություններ ընդհանրապես պետք է չլինեն:

Նվեր Մնացականյան – Բայց տեսեք հետագիծն ուր է տանում: Դուք այսօր ունեք Պաշտպանության նախարարի ձերբակալված խորհրդական՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուզում եմ ասել, որ այդ առիթով քրեական գործեր հարուցվել են դեռևս 2018թ.: Եվ այսօր շատերը հարցնում են. այդտեղ հեղափոխական փոփոխություններ չենք արել, որովհետև նույն զենքի մատակարարման ոլորտում, չնայած եղել են ամենատարբեր քննադատություններ, էլի հեղափոխական փոփոխություններ չենք արել:

Նվեր Մնացականյան – Հիմա՞ էլ գտնում եք, որ ճիշտ եք արել, որ չեք արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա կներկայացնեմ: 2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը:

Նվեր Մնացականյան – Բայց գոնե կփակեք կոռուպցիայի ճանապարհը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հենց 2018-ից ի վեր, բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրեական գործեր են հարուցվել, և դրանց նպատակը եղել է իրավիճակը շտկելը: Ի դեպ, բանակում այնպիսի խնդիրներ են եղել, որոնք պետք է չլինեին: Սկսած նրանից, որ, օրինակ, երբ զինվորներին արձակուրդ են տալիս և գումարը չեն տալիս, ասում են՝ մեքենա կգա քեզ կտանի: Այսինքն՝ եղել են այս կարգի պրոբլեմներ, որոնք նաև էական ազդեցություն են ունեցել բանակի շուրջ մթնոլորտի վրա: Եվ ես բազմիցս ասել եմ, որ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, և մեր խնդիրն է՝ բանակում ծառայության հեղինակությունը, որն անհամեմատ ցածր է բանակի հեղինակությունից, հավասարեցնել բանակի հեղինակությանը:

Նվեր Մնացականյան – Քանի որ բանակից ենք խոսում. Սերժ Սարգյանն ասում է՝ ես զարմացած եմ, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: Այդ ակնարկը Ձե՞զ է հասցեագրված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:

Նվեր Մնացականյան – Այդպե՞ս էլ է լինում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չգիտեմ:

Նվեր Մնացականյան – Նորություն էր: Հետաքրքիր նորություն էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 80-ականների զե՞նք էր գուցե:

Նվեր Մնացականյան 
– Սերժ Սարգսյանն ասում է նաև՝ ես իշխանությունն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին չեմ փոխանցել, այլ՝ Կարեն Կարապետյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց մերժվածը ով էր, որ մի հատ էլ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին, ինքը որոշո՞ւմ էր, թե ում պետք է փոխանցի: Ժողովուրդն է որոշում, թե ում պետք է փոխանցի:

Նվեր Մնացականյան –
 Կամ ես երրորդ անգամ առաջադրվել էի, որ իրագործեի «լավրովյան պլանը»: Հետաքրքիր ակնարկ է նաև սա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ ի՞նչ էր խանգարում դա անել դրանից առաջ:

Նվեր Մնացականյան –Դե փորձել են՝ չի ստացվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ ո՞րտեղ է երաշխիքը, որ պիտի փորձեր՝ ստացվեր դրանից հետո կամ ինչն էր խանգարում Ազգային ժողովի ամբիոնից դա հայտարարել: Ուրիշ բան էր հայտարարվում, որ հույս չկա, բանակցային գործընթացից հույս չկա, և ամեն վայրկյան կարող է սկսվել պատերազմ: Իսկ այդ վայրկյանին՝ 2018 թվականի գարնան այդ վայրկյանին, ինչքա՞ն արկ կար մեր բանակի զինանոցում: Կարելի է ասել՝ այ, որ 3 օր էլ ձգեի, Ղարաբաղի հարցը կլուծեի: Բայց ի վերջո պատմություն կա և այդ պատմությունը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Երբ այդ մարդիկ իշխանության էին գալիս 1998 թվականին, նրանք ասում էին, որ անթույլատրելի է տարածքներ հանձնելու և փուլային տարբերակով հարցը լուծելու որևէ մոտեցում: 98 թվականից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին: Սա որպես նվազագույն պայման: Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Սկսել է դրանից, իհարկե, խոսք է եղել նաև Արցախի կարգավիճակի մասին: Բայց ի՞նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյություն ունեցել: Սա է ամենակարևոր հարցը:

Նվեր Մնացականյան – Դե կարգավիճակի մասին Սերժ Սարգսյանը նաև ասում է, որ եթե ապրիլյան քառօրյան երկարեր, մենք անպայման կճանաչեինք Արցախի անկախությունը և զարմանում, թե ինչու նույնը չի արվել արդեն 44 օրյա պատերազմի ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչքա՞ն երկարեր: Գուցե, 2016 թվականի համար էլ 4 օրն էր պատրեազմի շատ երկար: Որովհետև պետք է արձանագրել, իսկ այդ քայլն իրավիճակն ավելի լավը կդարձնե՞ր, թե՞ իրավիճակն էլ ավելի կվատթարացներ: Կամ եթե ճանաչել՝ ճանաչել. տեսականորեն ցանկացած պահի էլ կարելի է ճանաչել: Այդ դիսկուրսը միշտ էլ եղել է՝ վերջին 15 տարում, վերջին 10 տարում: Մի մասը մտածում է, որ պետք է պատերազմի ընթացքում ճանաչել, մյուս մասը մտածում է, որ պետք էր պատերազմից առաջ ճանաչել, երրորդ մասը մտածում է, որ պետք է պատերազմից հետո ճանաչել: Իսկ խնդիրն այն չէ, թե Հայաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չէ: Հարցն այն է՝ միջազգային հանրությունը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չի ճանաչի:

Նվեր Մնացականյան – Եվ վերջապես՝ «հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում էր» արտահայտությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե որևէ մեկն ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր, և Ղարաբաղի նկատմամբ այնքան սեր ու գորովանք կար այդ հեղափոխության մեջ, որը, գուցե, խանգարում էր շատ հարցերի նայել, այսպես ասած, գետնին կպած, դա շատ քննարկելի տարբերակ կարող էր լինել: Եվ իրականությունն էլ դա ցույց տվեց: Եկեք տեսնենք, թե 2018 թվականից հետո մենք ինչ ծրագրեր ենք իրականացրել և պլանավորել Արցախում, ինչ ենթակառուցվածքային ծրագրեր էինք նախապատրաստել իրականացնելու Արցախում: Էլի եմ ասում, եթե օրինակ, մեր քաղաքական թիմին մեղադրեն նրանում, որ մենք Արցախը սիրել ենք և սիրում ենք այնքան, ինչքան թույլատրելի չէ քաղաքական իշխանության համար, այդ քննադատությունը, գուցե, կարելի կլիներ արդարացված և օբյեկտիվ համարել:

Նվեր Մնացականյան – Նոյեմբերի 9-ի գիշերը Դուք ի՞նչ եք դիտարկում, դա զանգվածային անկարգությո՞ւն էր, ինչպես շատերը նկատում են Ձեր հակադիր ճամբարից, թե, այնուամենայնիվ, հեղաշրջման փորձ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –
 Այդ գործի քննությունը շարունակվում է և տասնյակ մարդիկ փախուստի մեջ են, փնտրվում են իրավապահ մարմինների կողմից: Այն, որ այդտեղ շատ քաղաքական գործող անձինք ներգրավված են եղել, և եթե հետահայաց վերլուծենք, նույնիսկ այսօր նրանց կողմից կիրառվող հռետորաբանությունը, և այն ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ըստ էության, սպանության փորձ, գուցե Հայաստանի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր: Եվ դրա նպատակը, թերևս, ոչ միայն ուղղակի իշխանության հարցը լուծելն էր, այլև ամենատարբեր ճշմարտություններ Ղարաբաղի հարցի շուրջ հավերժորեն ոչնչացնելը: Իսկ այդ ճշմարտությունները կան, իհարկե, պետական գաղտնիքի ձևով, բայց դրանք կան և չի հաջողվի ոչնչացնել դրանք:

Նվեր Մնացականյան – Այս անկարգությունների գործով չկա՞ն ձերբակալվածներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե կան ձերբակալվածներ, կալանավորվածներ: Ինչքան ես գիտեմ, մի հատվածով գործը գնացել է դատարան: Ես, անկեղծ ասած, շատ մանրամասներով տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ, որ այդ կապակցությամբ առաջին գործն արդեն դատարան է գնացել:

Նվեր Մնացականյան – Իսկ գոնե տեղյա՞կ եք՝ քաղաքական հետագիծն ուր է տանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց դրանից բոլորն են տեղյակ, Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է պատրաստել և հրապարակել այդ մասին, և՛ գործող անձինք, և՛ շրջանակները պարզ են:

Նվեր Մնացականյան – Դե հիմա էլ կայծակնային ապստամբության ազատ կոչեր են հնչում: Եվ իշխանության արձագանքը, կարծես թե, համարժեք չէ այդ կոչին: Ինձ հետաքրքրում է՝ Ձեր վստահությունը ո՞րտեղից է գալիս, որ այդպիսի բան հնարավոր չէ անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ եկեք երկու բան արձանագրենք: Իշխանությունն արձագանքում է օրինականության սահմաններում, ինչը, գուցե, այնքան էլ ընդունված չէ Հայաստանում հայտնի հանգամանքների բերումով: Բայց իշխանությունն արձագանքում է օրենքի և օրինականության սահմաններում: Եվ ինչքան տեղյակ եմ Ձեր նշած գործի հայտարարության կապակցությամբ հարուցված է քրեական գործ և տեղի կունենա քննություն: Բայց չէի ցանկանա, որ մենք ուղղակի քաղաքական հայտարարությունները խառնենք ապօրինի հայտարարությունների հետ և բոլորը, ամեն ինչը նույն արշինով չափենք, որովհետև, ի վերջո, ժողովրդավարությունը նույնպես շատ կարևոր է մեր երկրի համար, և չի կարելի թույլ տալ, որ որևէ կերպ մեր կառավարության և իրավապահ համակարգի գործունեությունը հնարավոր լինի օբյեկտիվորեն ձևակերպել որպես քաղաքական կամ անձնական հետապնդում: Դա, իմ կարծիքով, անթույլատրելի է: Այլ բան, որ կան դեպքեր, երբ իրավապահ համակարգը ճշգրիտ արձագանքում է, սակայն դատական համակարգի արձագանքներն առնվազն հարցեր են առաջացնում:

Նվեր Մնացականյան – Բայց, այնուամենայնիվ, հանրային տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում երևացող կամ անգամ չևերացող կապիտալի իշխանությունն ավելի զորեղ է, քան Ձեր քաղաքական իշխանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փողը Հայաստանում միշտ եղել է իշխանության մաս: Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք օրենքով սահմանված լիազորություններ, չունենք փող՝ բառիս անձնական կամ խմբային իմաստով: Եվ իրականության մեջ սա, գուցե, իսկապես շատ հարցեր է առաջացնում և ստեղծում: Օրինակ, մենք ոչ ընդդիմություն եղած ժամանակ, ոչ էլ իշխանություն եղած ժամանակ փողով զանգվածային միջոցառումներ չենք կազմակերպել՝ ոչ միայն այն պատճառով, որ փող չենք ունեցել և չունենք, այլ որովհետև դա դեմ է ընդհանրապես մեր արժեքային համակարգին: Մենք չենք պատկերացնում` ի՞նչպես կարելի է մարդկանց տանել հանրահավաքի՝ սպառնալով, որ եթե չգնա հանրահավաքի, նրան աշխատանքից կազատեն: Բայց, իհարկե, Ձեզ հետ համաձայն եմ, որ մեր իրավապահ մարմիններն այս դեպքերին պետք է արձագանքելու ավելի արդյունավետ ձևեր գտնեն, որովհետև այսպիսի ավանդույթ էլ չի եղել Հայաստանում, որ, օրինակ, գործատուն կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ պարտադրաբար աշխատողին, գործավորին հանրահավաքի տանելու համար: Դա դիտվել է սովորական և նորմալ բան, այդ թվում՝ իրավապահ համակարգի տեսակետից: Եվ այստեղ է, որ մեր իրավապահ մարմիններն այդ պրակտիկան չունեն, որ գործատուին քրեական պատասխանատվության ենթարկեն՝ գործավորին հանրահավաք պարտադրելու համար: Բայց այդ պրակտիկան, իհարկե, պետք է ներդրվի:

Նվեր Մնացականյան – Մի մեղադրանք էլ հիշեցի, որ մեր ձախորդությունների հիմնական պատճառը Հայաստանում պոպուլիստական իշխանություն ունենալն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչ է նկատի առնվում պոպուլիստական իշխանություն ասելով: Այսինքն ի՞նչ է՝ Հայաստանում հաջողության գրավականը կոռումպացված իշխանություն ունենա՞լն է, դա՞ է նշանակում: Ինչպես ասում են, ծուռ նստենք, շիտակ խոսենք, գուցե հրապարակային էլ եմ ասել, որ Հայաստանում, ցավոք, մի կայացած ինստիտուտ է եղել, լիարժեք կայացած ընդամենը մեկ ինտիտուտ է եղել, և այդ ինստիտուտը եղել է կոռուպցիան: Մենք եկել ենք հեղափոխությունից հետո, միակ կայացած ինտիտուտը՝ համակարգված կոռուպցիան, ոչնչացրել ենք Հայաստանում:

Նվեր Մնացականյան – Ու կանգ առել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ու կանգնել, շիվարած մնացել, կներեք այդ բառի համար, որովհետև Հայաստանում առանց կոռուպցիայի ոչ մի բան չի աշխատել: Դա օբյեկտիվ մեղադրանք է, որ մենք 2018 թվականին իշխանության գալով ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան: Հիմա եկեք հետահայաց նայենք, ասում ենք դատաիրավական համակարգ … Սկսած շինթույլտվությունից, ամեն ինչ դանդաղել է և տեղապտույտի վիճակի մեջ է հայտնվել շատ բան: Ինչո՞ւ, որովհետև շարժիչ ուժը, որն ամեն ինչ առաջ է տարել, այդ միակ կայացած ինտիտուտը, ոչնչացված է: Ու պարզվել է, որ այլ ինտիտուտներն այն աստիճանի կայացվածություն չունեն, որ գոնե առանց կոռուպցիայի կարողանան աշխատել: Որովհետև պետական կառավարման համակարգում, մարդը, որը պետք է ստորագրի, ենթադրենք, միլիոների գործարքին ընթացք տալու հարցը, ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ: Եվ իրեն դրանից ավելի ունենալ չի կարելի, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվի:

Նվեր Մնացականյան – Հասկանալի է, հարգելի վարչապետ, բայց երեք տարի շիվարած մնալն էլ ընդունելի չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, երեք տարի մենք շիվարած չենք մնացել:

Նվեր Մնացականյան – Բա ո՞ւր է հեղափոխական օրակարգն այսօր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հեղափոխական օրակարգն իր տեղում է: Ընդհակառակը, տեսեք ինչ լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում դատաիրավական համակարգում:

Նվեր Մնացականյան –
 Երեք տարի անց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –
 Փոփոխությունները, բարեփոխումները պետք է լավ մտածված լինեն, որովհետև միշտ էլ հավանականություն կա, որ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանվի:

Նվեր Մնացականյան – Բայց նաև միաժամանակ մի զարմացեք, թե ինչու է ակտիվանում կապիտալի իշխանությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կապիտալի իշխանությունն ակտիվանում էլ է, պասիվանում էլ է, այս ընթացքում եղել է ամենատարբեր իրավիճակներ, և մեր սկզբունքը պետք է լինի՝ հետևողականորեն շարունակել բարեփոխումների կուրսը: Ի վերջո, տեսեք՝ մենաշնորհների վերացման դաշտում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: Այն շուկաները, որտեղ կողքից որևէ մեկը չէր կարող մտնել, այսօր ազատորեն մարդիկ ներմուծում են ինչ ուզում են, արտահանում են ինչ ուզում են: Եվ այս առումով, այո, բարեփոխումների կուրսը գուցե այնքան արագ տեղի չի ունեցել, բայց օրինակ բանակի օրինակով ես ցույց տվեցի նաև, թե ՝ ինչու: Որովհետև միշտ եղել է այդ վակուումի առաջ կանգնելու մտավախությունն անվտանգային այս միջավայրում: Բայց հիմա մենք ունենք իրողություններ, և պետք է բարեփոխումներին նոր ընթացք ու նոր տեմպ տանք: Այս իրավիճակը, առաջին հերթին տնտեսական անկումը, որը, իհարկե, ոչ միայն պատերազմի հետևանք է, այլև՝ կորոնավիրուսի ճգնաժամի:

Տեսեք, 2018 թվականի մայիսին տեղի է ունեցել, այսինքն հաղթել է հեղափոխությունը, և եղել է կառավարություն՝ առանց խորհրդարանական մեծամասնության, և խորհրդարանական համակարգն անընդհատ տորպեդահարել է կառավարությանը: Մեր կառավարությունն ունեցել է մեկ ամբողջական ոչ ֆորսմաժորային տարի՝ 2019 թվականը: Եվ եկեք տեսնենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 2019 թ.-ի ընթացքում՝ վերջին տասնամյակի համար տնտեսական աննախադեպ աճ: 2020 թ.-ի մարտից սկսվել է կորոնավիրուսի համավարակը: Եկեք հիշենք, թե ամավարակը կառավարելու առիթով մեր կառավարության նկատմամբ ինչ ծավալի քննադատություն էր: Դարձյալ ասում եմ՝ կային երկրներ, որոնց օրինակն ամենօրյա ռեժիմով, կներեք արտահայտությանս, մեր աչքն էին մտցնում, ամեն օր, ամեն Աստծո օր, օրը մի քանի անգամ: Մենք այդ ժամանակ ասում էինք, որ մեր կանխատեսումներով՝ բոլոր երկրները գալու են նույն իրավիճակի առաջ կանգնեն: Եվ այն երկրները, որոնց օրինակը մեր աչքն էին մտցնում՝ այսօր կորոնավիորսի համավարակի հետ կապված աղետալի վիճակում են ու ոչ մեկ չի հիշում դրա մասին, ոչ մեկ չի հիշում՝ ինչ էինք իրենց ասում 2020 թ.-ի հուլիսին, օգոստոսին և այլն և այդպես շարունակ:

Նվեր Մնացականյան – Աչքով չտանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, համաձայն եմ լիարժեք, որովհետև համավարակ է ի վերջո, չի կարելի ընթացքը կանխատեսել, բայց կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիորսի համավարակը: Այո, մենք կորոնավիորսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի: Այո, կային մեզ հետ համեմատելի երկրներ, որոնց, օրինակ, հուլիսին մահվան թվերը 10 անգամ ավելի պակաս էին, քան մերը, բայց այսօր նրանք մահվան թվերով և դեպքերով շատ ավելի առաջ են քան Հայաստանը, վատ իմաստով, ցավալի է, իհարկե, որ ստիպված ենք այսպիսի օրինակներ բերել:

Նվեր Մնացականյան – Հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ վերաբերմունքը չի փոխել, որովհետև ես այն կարծիքին եմ, ինչ կարծիքի եղել եմ մի տարի առաջ: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ:

Նվեր Մնացականյան – Այսինքն՝ ավելի մեծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, հանքը կբացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է:

Նվեր Մնացականյան – Մարտի 1-ի գործով դատավարությունը Ձեզ չի՞ զարմացնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե զարմացնում է: Տեսեք՝ ոչ միայն Մարտի 1-ի գործով:

Նվեր Մնացականյան – Դա ամենաակնառուն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ունենք գործեր, որոնք օրինակ արդեն երկար ամիսներ դատարանում են, բայց այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Որպեսզի հանրությանն այս տերմինի տարբերությունը կարողանանք ներկայացնել, ո՞րն է դատաքննության փուլը. երբ սկսվում են հետազոտվել ապացույցները, թե առաջադրված մեղադրանքն ինչքանով է հիմնավորված: Մենք ունենք այսպիսի բազմաթիվ գործեր, ընդ որում շատ հայտնի անձանց, ամբաստանյալների ներգրավմամբ, որոնք այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Ամիսներով դատ է գնում, և դեռևս քրեական գործը չեն բացել, տեսնեն՝ ի վերջո մեջն ինչ է գրված:

Նվեր Մնացականյան –
 Որևէ օղակ պե՞տք է հարցնի դատարանին՝ ինչու է այսպես:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ այո: Այստեղ և՛ Դատախազությունը, և՛ Արդարադատության նախարարությունը, և՛ Բարձրագույն դատական խորհուրդը և՛ ի վերջո Ազգային ժողովն անելիք ունեն:

Նվեր Մնացականյան –
 Եվ վեթինգի գործի՞քը, որը, ցավոք, չկիրառվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում վեթինգի այն գործիքը, որը հնարավոր էր Հայաստանի Սահմանադրության պայմաններում կիրառել՝ կիրառվում է: Հենց այսօր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է և շարունակելու է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների գույքային իրավիճակի ստուգումը: Ընդ որում, այս գործիքն արդյունավետ դարձնելու համար օրենսդրորեն հնարավորություն ենք տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքների նկատմամբ:

Այսինքն, եթե որևէ դատավոր կոռումպացված է, եթե չեն կարող ասել՝ բոլորն առանց բացառության կոռումպացված են, բայց եթե որևէ դատավոր կոռումպացված է՝ այդ կոռուպցիան պետք է ունենա գույքային որևէ հետք: Գույքային հետքը գտնելու մեխանիզմը բանկային գաղտնիքն է և ունեցվածքի վերաբերյալ պատկերացում կազմելու գործիքները տալը: Մենք այդ գործիքները տվել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և եթե էլի գործիքներ անհրաժեշտ լինեն՝ այդ գործիքներն էլ կտանք: Էլ չեմ ասում, որ նոր ընդունվող դատավորների, նոր դատավորի կարգավիճակ ստացող անձանց վերաբերյալ այդ գործողությունը կրկնակի, եռակի անգամ ավելի խորությամբ է իրականացվում: Իսկ ինչո՞ւ մյուսների նկատմամբ եռակի անգամ ավելի խորությամբ չի իրականացվում, որովհետև կա սահմանադրական արգելք: Բայց նաև սա չի նշանակում, թե այդ պրոցեսն այլընտրանքային եղանակներով օրինական ձևով իրականացնելու հնարավորություն չկա: Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը կօգտագործվի:

Նվեր Մնացականյան – Եվ վերջինը: Մոտենում է Մարտի 1-ը, ինչ-որ բան որոշե՞լ եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –
 Ինչպես միշտ մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի մեր զոհերին և այդ օրն ինչպես կարգն է կնշանավորենք:

Նվեր Մնացականյան – Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում