ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի հետ կապված նավերի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամբողջական շրջափակում կսահմանի միայն այն նավերի նկատմամբ, որոնք ուղևորվում են իրանական նավահանգիստներ կամ դուրս են գալիս դրանցից, ինչպես նաև իրանական բեռ փոխադրող նավերի նկատմամբ։
Թրամփը նշել է, որ որոշումն ընդունվել է Իրանի ղեկավարության գործողությունների պատճառով՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերին և ամերիկացի զինծառայողներին։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ հրաժարվել է ԱՄՆ-ի համար նախատեսված 20 տոկոսի փոխհատուցման վճարից՝ այն փոխարինելով Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային համաձայնագրերով։ Նրա խոսքով՝ այդ ներդրումները կօգնեն ԱՄՆ-ում ստեղծել նոր գործարաններ և միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։
Թրամփը հավելել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։







































