Արցախի ԱԺ 3 խմբակցության պատգամավորներ շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով նախատեսվում է ռուսերենը դարձնել Արցախի պետական լեզուներից մեկը: Իբրև հիմնավրում՝ նշվում են մշակութային, տնտեսական, անվտանգային կապերը և այն փաստը, որ ռուսերենը արցախցիների շփման հիմնական լեզուներից մեկն է:
«Պարզ է, որ այս նախագիծը քաղաքական հիմք ունի, մնացածը հովվերգության ճյուղին կպատկանի. մշակութային կապեր միշտ էլ եղել են, և ռուսերենը գուցե շատերի համար հարազատ լեզու է եղել, բայց Լեռնային Ղարաբաղի լեզվի մասին օրենքում շատ հստակ գրված է, որ հանրապետության պետական լեզուն հայերենն է»,- թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
«Հիմա էլ է մնալու այդ ձևակերպումը, բայց ավելացել է՝ պաշտոնական լեզուներն են՝ հայերենը և ռուսերենը: Այս իրավիճակում, երբ արցախցին չէ շատ ու շատ հարցերի տնօրինողը, հասկանալի է, բայց այս նախաձեռնությունը,ըստ իս, չպետք է պատգամավորների կողմից լիներ: Այստեղ կարող էր շատ պարզ լուծում տրվել. կարող էին ձևակերպել, որ ռուսերենը ԼՂ կամ ԱՀ տարածքում ազգամիջյան հաղորդակցության լեզու է: Ռուս խաղաղար կամ խաղաղապահ զինվորների հետ, այո՛, հաղորդակցության լեզուն կլինի ռուսերենը, բայց այսպես հապշտապ դա օրենքում ձևակերպելը վաղաժամ է»,-նշեց լեզվաբանը:
Գյուրջինյանի խոսքով՝ երբ որ պաշտոնական լեզվի փոխարեն նշվում է ազգամիջյան հաղորդակցության լեզու, այդ դեպքում հայերենի գերակայությունը ընդգծելի է մնում:
Մանրամասն՝ տեսանյութում:







































