Լիբիայի արևելքում և Եգիպտոսի մի քանի տարածաշրջաններում անբարենպաստ եղանակներ են:
Լիբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնը ձյունապատ բնապատկերով տեսագրություն է հրապարակել երկրի արևելքի Ջաբալ Ահդար տարածաշրջանից: Ձյուն է տեղացել նաև հարևան նահանգների մի քանի բնակավայրերում, ներառյալ Էլ-Բայդա խոշոր քաղաքը: Գիշերը ջերմաստիճանն իջել է մինչև զրո աստիճան: Եղանակի բարելավում սպասվում է փետրվարի 18-ից:
Եգիպտոսում ձյունը ծածկել է Լիբիայի սահմանից ոչ հեռու գտնվող Սիդի-Բարանի քաղաքը, ափամերձ Ալեքսանդրիան, որտեղ դրանից մի քանի օր առաջ հորդառատ անձրևներ էին, նաև Սինայի թերակղզու կենտրոնը:
Քամու պոռթկումներն առանձին վայրերում հասնում են ժամում 75-85 կիլոմետրի, բարձր լեռնային շրջանում ջերմաստիճանն իջել է մինչև -2 աստիճան: Շաբաթվա սկզբին Եգիպտոսի օդերևութաբանները նախազգուշացրել էին կտրուկ ցրտելու մասին և հնարավոր են համարել, որ ձյուն կտեղա նույնիսկ Կահիրեում:
Փետրվարի 16-ին մայրաքաղաքում տեղացել է ոչ շատ հորդառատ անձրև, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: Օդի ջերմաստիճանը Կահիրեում այժմ +8 աստիճան է, ընդ որում՝ փետրվարի սկզբին վերմաստիճանը հասել էր +28 աստիճանի:
Շայմ Էլ Շեյխ առողջարանային քաղաքում ջերմաստիճանը նվազել է՝ հասնելով +17 աստիճանի:







































