Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների եւ քննարկել համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Ընդգծվել է դատաիրավական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը քաղհասարակության մասնակցության կարեւորությունը, եւ անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից թույլ տրված մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ՀԿ-ների կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներին եւ այդ ոլորտում համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արդարադատության ոլորտում սկսված բարեփոխումների ընթացքը, դրանց ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած խնդիրները, անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների հետ կապված հասարակական կազմակերպությունների մտահոգություններին եւ դրանց լուծման համար սահմանադրական երաշխքիների ձեւավորման անհրաժեշտությանը։









































