Ակտիվ քննարկում ենք տրանսպորտի և վերելակների հարցը, սակայն մոռացության է մատնվում Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող առողջապահական հիմնարկները, ստացվում է, որ անցած տարվա չկատարած աշխատանքներից ունենք բավական մեծ գումար, և ցավում եմ, որ այդ գումարից շատ չնչին մաս՝ 2- 3 տոկոս չի ուղղվել առողջապահական համակարգի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների, սարքերի գնման համար. այսօր ընթացող ավագանու արտահերթ նիստին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը:
«Մասնավորապես՝ ուզում եմ հիշեցնել, որ ունենք «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոն, որն այս պահին ունի շատ լուրջ ներդրումների կարիք: Բժշկական ոլորտը բացի այն, որ պետք է հանրության համար արդյունավետ գործի, այլև կարող է ապահովել բիզնես եկամուտներ, ծրագրեր, իսկ այսօր «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոնն ունի 7 մլն եվրոյի վարկ, և մենք պետք է այդ վարկը փակենք 2022 կամ 2023 թվականին: Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ այս գումարներից այդ բժշկական կենտրոնների համար հատկացումներ չեն արվել՝ 2 կամ 3 տոկոսի չափով»:









































