Տնտեսությունն ու քաղաքականությունը միմյանցից անբաժանելի են, փոխազդված: Դրանք համատեղ են ձևավորում շահերը, առավել ևս գլոբալացված և տեխնոլոգիական անդադար հեղափոխության ռեժիմում հայտնված աշխարհում: Ինչպես հավի և ձվի պարագայում, այս դեպքում էլ թերևս գործ ունենք հավերժական հարցի հետ՝ տնտեսությունն է քաղաքականություն ձևավորում և պայմանավորում, թե քաղաքականությունը տնտեսություն: Թերևս մի բան ակնառու է, որ մեկը չի կարող գոյություն ունենալ կամ առաջ շարժվել առանց մյուսի: Այս իրողությունն ահա Հայաստանում համակարգային ճգնաժամի խորքային պատճառներից մեկն է:
Պատճառ, որն իր ազդեցությունը սկսել է դրսևորել դեռևս հեղափոխությունից առաջ: Մասնավորապես, երբ 2009 թվականին Հայաստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում գրանցվեց աշխարհի խոշորագույն անկումներից մեկը՝ 14 տոկոս, դրա պատճառը լոկ ճգնաժամը չէր: Դրա պատճառն այն էր, որ քաղաքական իշխանությունից հեռանալով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը էապես նվազեցրեց նաև իր այսպես ասած տնտեսական մասնակցությունը ներքին կյանքին, որովհետև այդ մասնակցությունը փոխպայմանավորվում ևյ մոտիվացվում էր քաղաքական շահերով: Փոքր ինչ կոպիտ ասած՝ ինչու՞ կապիտալը գեներացնել կամ աշխատեցնել մի պարագայում, երբ դրա քաղաքական շահն ավելի շուտ զգալու է նոր նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը չկարողացավ գտնել այդ կապիտալի համարժեք փոխարինում արդեն հենց տնտեսական ճգնաժամի պատճառով, ի լրումն իհարկե քաղաքական խնդիրների: Հաջորդեց մեծ հաշվով այդ հիմքով ներհամակարգային դիմակայության տասնամյակը: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում խնդիրը դարձավ ավելի սուր, քանի որ քաղաքական իշխանության ձեռքում չեղած, հեռացված համակարգի ձեռքում գտնվող խոշոր կապիտալի հիմնական մասը ոչ միայն չպայմանավորվեց նոր իշխանության հետ, այլ գնաց դրա դեմ: Այդպիսով, Հայաստանում քաղաքական և տնտեսական այսպես ասած ստատուս-քվոները խոշոր հաշվով էապես տարբեր են, և խրամատավորված: Դա ճգնաժամի առանցքային հիմքերից է, որը կարող է հանգուցալուծվել կամ որոշակի կանոնների շուրջ համակեցության մասին պայմանավորվածությամբ, կամ տնտեսական ստատուս-քվոյի փոփոխությամբ: Դա էլ իր հերթին իհարկե առաջ է բերում փոփոխության ձևի հարցը՝ «կուլակաթափությո՞ւն», թե՞ ներդրումային նոր նախաձեռնությունների միջոցով այսպես ասած հարաբերակցության փոփոխություն: Կուլակաթափությունը Հայաստանի համար կունենա վատ հետևանք, ինչպես ունեցել է այդ ճանապարհով գնացած գործնականում բոլոր երկրների համար:
Մնում է պայմանավորվածությունը կամ ներդրումային հոսքերի միջոցով տնտեսական ստատուս-քվոյի փոփոխությունը, երբ նախկին համակարգի ձեռքին եղած կապիտալը չի ենթարկվի որևէ վտանգի, բայց միևնույն ժամանակ չի ունենա այն տեսակարար կշիռը, որ էական վտանգներ կամ ռիսկեր կստեղծի քաղաքական կայունության համար: Ի դեպ, դա ևս կարող է լինել հաջորդ քայլով արդեն որոշակի նոր կանոնների շուրջ պայմանավորվածության համար:









































