Ֆրանսիայի երկարակյաց բնակչուհի Լյուսիլ Ռանդոնն իր 117-ամյակից ոչ շատ առաջ հաղթահարել է կորոնավիրուսը: Այդ մասին հաղորդել է Var-Matin ֆրանսիական թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Ռանդոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել հունվարի 16-ին, Տուլոնի տարեցների տանը:
Նշվում Է, որ կինը վիրուսը տարել է առանց ախտանշանների: Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թվականի փետրվարի 11-ին:
Երիտասարդ տարիներին նա եղել է տնային դաստիարակչուհի, աշխատել է հոսպիտալում, իսկ հետո դարձել միանձնուհի և ստացել է քույր Անդրե անունը: 2019 թվականին իր ծննդյան օրը նա անձնական նամակ և օրհնված տերողորմյա է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից:
Պաշտոնապես աշխարհի ամենատարեց երկարակյաց է ճանաչվել ճապոնուհի Կանե Տանական, որը ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Ռանդոնը ներկայում ապրող ամենատարեց մարդկանց վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը: Երկրի վրա երբևիցե ապրած մարդկանցից ամենատարեցը, որի ծննդյան և մահվան ամսաթվերը հաստատված են փաստաթղթերով, ֆրանսուհի Ժաննա Կալմանն է: Նա վախճանվել է 1997 թվականի օգոստոսին՝ 122 տարեկան հասակում։







































