Պատերազմից՝ ավելի կոնկրետ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Քաշաթաղի շրջանի մոտ 3000 տուն մնաց հակառակորդին։ 13 հազար բնակիչ պատերազմից հետո տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, Երևան և սպասում է, որ կառավարությունն առաջնահերթ իրենց կապահովի բնակարաններով ու կտրամադրի անհրաժեշտ փոխհատուցում։
Այդ նպատակով փետրվարի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանից տարհանված անձանց, համայնքի ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ քաշաթաղցիները փոխվարչապետին ներկայացրել են տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին որոշվել է, որ քաշաթաղցիներից երկու ներկայացուցիչ կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ Արցախի հարցերով աշխատանքային խմբի հաջորդ նիստին, որի ժամանակ քաշաթաղցիները կներկայացնեն խնդիրների լուծման իրենց մոտեցումները:
Հանդիպմանը մասնակցած Ալաշկերտ համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ գոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից։
Նախնական քննարկել են միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և համայնքների ղեկավարներից այդ հանձնաժողովներում ընդգրկելու հարցը, որպեսզի նոր դրանից հետո քննարկվի փոխհատուցումների կարգը։ «Սկզբից ժողովրդին աջակցություն են տրամադրելու ամսական 68000-ական դրամ, որպեսզի դրանով ապրեն, որից հետո նոր բնակարանների փոխհատուցման հարցը կլուծվի։ Միջգերատեսչական հանձնաժողովը որ ձևավորվի, արդեն պետք է գույքագրում կատարի՝ հասկանա, թե ով ինչ է կորցրել, պետք է հասկանան, թե փոխհատուցման կարգը ինչպես է արվելու։ Մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, որ առաջնահերթ տները փոխհատուցվեն։ Հետո նոր գույքագրում կկատարեն, կհասկանան, թե ով ինչ է կորցրել բացի տնից, նոր արդեն երկրորդ էտապով կքննարկվի, թե մնացածի փոխհատուցման հարցը ինչպես է լուծվելու։ Այնպես որ գոհ ենք հանդիպումից ու ակնկալում ենք, որ բնակարանների փոխհատուցման հարցը արագ կլուծվի։ Մարդիկ պետք է տուն ունենան, որ կարողանան արդեն ուրիշ հարցերի, խնդիրների մասին մտածել»,- ասաց Ալաշկերտ համայնքի ղեկավարը։
Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղից տիկին Էմիլիան նույնպես դրական է գնահատում նման հանդիպումները ու ակնկալում է, որ կառավարությունը կկարողանա լուծում տալ իրենց խնդիրներին։ Մեր զրուցակցի խոսքերով՝ նույնպես իրենց հիմնական խնդիրը բնակարանների խնդիրն է, քանի որ այսօր ոչ ոք բնակարան չունի, շատերը վարձով են ապրում, ոմանք իրենց բարեկամների տանն են ապրում, և դա չի կարող տարիներով շարունակվել. «Մեր՝ քաշաթաղցիներիս, հիմնական խնդիրը բնակարանն է ու մի փոքր փոխհատուցում կորցրածի դիմաց, որ կարողանանք ինչ-որ բան սկսել, աշխատել ու ապրել։ Ժողովուրդը վարչապետի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկելու, քանի որ բոլորը հավատում են, որ վարչապետը մեր խնդիրը կլուծի։ Մենք տեղահանվելուց շատ բան ենք կորցրել։ Բնակարան, անասուններ, տարիների ընթացքում մեր քրտինքով ստեղծածը, բայց նաև հասկանում ենք, որ կառավարությունն ի վիճակի չէ բոլորին այդքան բան փոխհատուցել։ Մենք մեր տներից տկլոր դուրս ենք եկել, մի ձեռք շոր ենք միայն վերցրել և մի բան ենք ուզում, որ ամեն մեկիս մի բան տան՝ հող, բնակարան, մեր հիմքը գցենք ու ապրենք։ Մենք հողի հետ աշխատող մարդիկ ենք ու մի փոքր օգնության դեպքում կկարողանանք ոտքի կանգնել, աշխատել ու ապրել»









































