Գյումրիի շտապ բուժօգնության կայանը տոնական չորս օրերի ընթացքում ստացել է 496 զանգ: Ըստ կայանի տնօրեն Արթուր Մանուկյանի, նախորդ տարվա համեմատ կանչերի թվի ավելացում չի գրանցվել։

«Տոնական օրերին ունեցել ենք 20 զանգ, որոնք եղել են կոտրվածքներով ու տարբեր տրավմաներով դեպքեր, ալկոհոլային թունավորման 2 կանչ է եղել, իսկ ավտովթարների հինգ դեպքերից երեք տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:
Տոնական օրերին գրանցվել է մահվան երկու դեպքով ահազանգ,որոնք երկարատև հիվանդության պատճառով են , այրվածքներով կամ սննդային թունավորման բնույթի կանչեր կայանի հերթապահները հունվարի 1-4-ը չեն ստացել:

«Ունեցել ենք ջերմող հիվանդների 7 զանգ, այս օրերին նաև 5 քաղաքացի ինֆարկտի և ինսուլտի ախտանշաններով, մեր շտապօգնության մեքենաներով, տեղափոխվել են մայրաքաղաք: Ունեցել ենք նաև Քովիդից բուժված քաղաքացիներ,որոնց հիվանդանոցից տուն տեղափոխումը ևս իրականացրել են մեր աշխատախմբերը, ևս երկու հիվանդ Քովիդ դրական արդյունքներով տեղափոխվել են Ալավերդի»,-նշեց Արթուր Մանուկյանը:
Գյումրիի շտապօգնության կայանը տոնական օրերին աշխատել է հինգ կարգախմբով, որոնցից չորսը սպասարկել է Գյումրիի կանչերը, իսկ մեկ կարգախումբ նախատեսված է եղել մայրաքաղաքի կլինիկաներ ծանր ախտորոշումներով հիվանդներին տեղափոխելու համար:









































