Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցումը Հայաստան և Ադրբեջան արգելվում է, օդային տարածքը բաց է միայն մարդասիրական և առևտրային նպատակներով թռչող ինքնաթիռների համար: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:
«Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն, Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները միայն մարդասիրական և քաղաքացիական բնույթ ունեն և լիովին համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն)»,- Դարսալիայի խոսքը մեջբերել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դիվանագետը նաև հավելել է, որ Վրաստանը շարունակում է կատարել օդային միջանցքով մարդասիրական բեռներ տեղափոխելու հետ կապված իր միջազգային պարտավորությունները, սակայն եթե որևէ փոխադրող չարաշահի դա, հանրապետության արձագանքը համապատասխան կլինի, և խախտողը կպատասխանի միջազգային օրենսդրությանը համապատասխան:








































