Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները կանցկացվեն հինգշաբթի Ժնևում և երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք գրեթե 30 տարի զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են:
Անցյալ շաբաթ այս երեք երկրների նախագահները կողմերին կոչ արեցին դադարեցնել կրակը և վերադառնալ խաղաղ բանակցություններին, բայց նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ այդ տերությունները կորցրել են խաղաղարար նախաձեռնություններով հանդես գալու բարոյական իրավունքը, որովհետև երկարամյա դանդաղ բանակցությունների արդյունքում նրանք ոչնչի չեն կարողացել հասնել։
Ադրբեջանը ու վերջինիս լիովին սատարող Թուրքիան ասում են, որ այժմ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն բանից հետո, երբ հայկական զինված կազմավորումները լքեն Ղարաբաղի տարածքը։









































