Նախ ուզում եմ նշել, որ մեր բոլոր մտքերը ռազմաճակատում են, այնտեղ են ամենակարևոր հարցերը վճռվելու, և վստահ եմ, որ հաղթելու ենք. դրանից հետո կուզեի ասել հետևյալը՝ խորհրդարանական բոլոր հարթակներում մենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի մասով ունենք մեր ակտիվ անելիքները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ հատկապես այս օրերին բոլոր խորհրդարանական խմբերի, նաև բարեկամական խմբերի հետ կապ են պահպանում: «Արդեն կան կարևոր դատապարտումներ: Ըստ էության, կա երկու հիմնական բան, որ պետք է ֆիքսենք: Առաջինը՝ Թուրքիան անթաքույց աջակցություն ու միջամտություն է ցուցաբերում հակամարտությանը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջազգային վարձկան ահաբեկիչներ է օգտագործում ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության: Սա արձանագրված է միջազգային հետաքննող մամուլի, ինչպես նաև միջազգային գործընկերների կողմից, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի:
Երկրորդ միտումը Արցախի հայաթափումն ու հայկական ֆակտորի վերացումն է, ըստ էության հայերի վերացումը, այսինքն՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը: Սյդտեղից բխելով՝ մենք ունենք քաղաքացիական շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորում հակառակորդի կողմից, որը նաև արձանագրվել է ՄԻԵԴ-ի կողմից, և վերջինս միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել: Այն, որ բարձր դատարանը կոչ է անում կողմերին դադարեցնել քաղաքացիական բնակչությանը հարվածել, դա անում է հայկական կողմից փաստահավաք խմբի ներկայացրած տվյալների հիման վրա: Այսինքն՝ այդ փաստերը բավարար են եղել, որ դատարանը հասկանա, թե ինչ խնդիրներ կան: Այս երկու հիմնական ուղղություններով է մեր աշխատանքը տարվում»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
Ինչ վերաբերում է միջազգային հարթակներին, ապա, ըստ Սոս Ավետիսյանի, շատ կարևոր են ԵԱՀԿ ԽՎ-ն և Եվրոպայի խորհուրդը:
«Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ԵԱՀԿ անդամներ են, և ԵԱՀԿ տարածքում ահաբեկիչների ներգրավումը լուրջ խնդիր է անվտանգային առումով: Ցեղասպանության այդ ամբողջ փորձը պետք է հնարավորինս փաստային կերպով ներկայացվի մեր բոլոր միջազգային գործընկերներին և փորձ արվի հասնել կոնկրետ բանաձևերի կոնկրետ հարցերի շուրջ:
Նույնպիսի կարևոր աշխատանք պետք է տարվի Եվրոպայի խորհրդում, քանի որ ԵԽ անդամ Թուրքիան ու Ադրբեջանը, ըստ էության, հարձակվում են Արցախի վրա, թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, նաև չեն խորշել Հայաստանի բուն տարածքի վրա հարձակվել: Կարևոր է ֆիքսել նաև այն հանգամանքը, որ Թուրքիան օգտագործել է F-16 կործանիչ: Սա արդեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հարց է, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ երկիրն իր զինանոցն օգտագործում է նման հակամարտության մեջ: F-16-ի և տեռորիզմի համադրումը ՆԱՏՕ-ի ոչ մի նորմալ երկրի համար պետք է ընդունելի չլինի»,- իր խոսքն ամփոփեց նա:







































