«Ինտերֆաքս» գործակալություն. ՀՀ Նախագահը Ստրասբուրգում՝ Եվրոպայի Խորհրդի ամբիոնից հայտարա¬րեց, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես Եվրոպայի մաս է: Որպես Արևելյան գործընկերության և առհասարակ եվրաինտեգրման ջատագովներ, չե՞ք կարծում, որ հարկ է, որ Եվրոմիությունը ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրի ԼՂ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացին, քանի որ, անկախ նրանից՝ ԼՂ-ն ճանաչված է, թե՝ ոչ, այնտեղ իրականացվող բարեփոխումները միտված են ժողովրդավարության ամրապնդմանը:
Ս.Սարգսյան. Ժողովրդավարությունը բացարձակ արժեք է, և, այս առումով, ցանկացած օժանդակություն ժողովրդավարությանը մենք շատ բարձր ենք գնահատում: Ուստի, եթե վաղը Եվրամիությունն օժանդակի Լեռնային Ղարաբաղին՝ ամրապնդելու ժողովրդա¬վարական կառույցները, ամրապնդելու պետական կառույցները, մենք միայն ուրախ կինենք: ԼՂՀ քաղաքացիներն, իհարկե, ակնկալում են այդ օժանդակությունը, որով¬հետև արդեն 17 տարի է նրանք ընթանում են այդ ճանապարհով: Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում ընտրություններ, որոնք անցնում են միջազգային չափանիշներին համապատասխան, ինչով և՛ նրանք, և՛ մենք հպարտանում ենք: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ներկա լինեն բոլոր քաղաքական ուժերը: Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել երեք նախագահական ընտրություններ, ընտրվել են երեք նախագահներ, և նրանցից որևէ մեկը ժառանգաբար իշխանություն չի ստացել: Նաև այդ պատճառով է, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններն իրենց երբեք թույլ չեն տալիս վիրավորական արտահայտություններ անել ադրբեջանական ժողովրդի մասին, ինչը նրանց պատիվ է բերում՝ ի տարբերություն հարևան երկրի ղեկավարության, որը, իհարկե, կարողանում է հոդաբաշխ արտահայտվել, բայց չի կարող իր ատելությունը թաքցնել: Իսկ ինչպես հայտնի է՝ թշնամանքով լցված մարդը չի կարող լավ, նորմալ որոշումներ կայացնել և, իհարկե, այս պարագաներում Եվրամիության օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին ուղղակի անհրաժեշտություն է:
Լեհաստանի հանրային հեռուստաընկերություն. Կազանյան ֆիասկոյից հետո գոյություն ունի՞ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մշտական և խաղաղ լուծման հնարավորություն: Եվ եթե՝ այո, ապա ի՞նչ պահանջներ պետք է կատարի Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ, որպեսզի, իսկապես կայուն լուծման հասնի:
Ս. Սարգսյան. Իհարկե, ես կազանյան հանդիպումը ֆիասկո չէի անվանի, թեև ինչպես նշեցի և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը բավականաչափ սպասելիքներ ունեինք այդ հանդիպումից: Ուղղակի, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար և ինչի մասին ես խոսեցի ԵԽԽՎ-ում: Խոսքս առաջին հերթին համապատասխան մթնոլորտի բացակայության մասին է, և առաջին հերթին այդ մթնոլորտը պետք է բարելավվի. չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր, ամեն մակարդակով թունավորել: Չգիտեմ, դուք, օրինակ, երեկ հետևե՞լ եք միջազգային լրահոսին, տեղյա՞կ եք, թե ինչ արտահայտություններ է արել Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին: Եվ արդյո՞ք դա նորմալ մարդու արտահայտություն է, էլ չեմ խոսում երկրի ղեկավարի մասին: Ղարաբաղցիների և, ընդհանրապես, հայ ժողովրդի պահանջը միակն է՝ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, և այդ իրավունքի սկզբունքները շարադրված են «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, որը կողմերին են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Մենք այլ պահանջներ չունենք: Այսինքն՝ մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին:









































