Մոտ 18 հազար մարդ, ըստ ոստիկանության գնահատականների, երթ է անցկացնում Բեռլինում՝ բողոքելով կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ:

Այդ մասին հայտնում է Die Welt-ը:
Մարդկանց հոսքը շարունակում է ավելանալ, ուստի մասնակիցների թիվը կարող է մեծանալ՝ հայտնում է Բեռլինի ոստիկանությունը: Ըստ Bild-ի՝ երթին մասնակցել է շուրջ 30 000 մարդ:
Քանի որ ցուցարարները չեն հետևում նվազագույն հեռավորության պահանջին, ոստիկանությունը նրանց ասել է, որ պաշտպանիչ դիմակ դնեն: Ոստիկանությունը զգուշացնում է. եթե հեռավորության վերաբերյալ կանոնները չպահպանվեն, և մարդիկ դիմակ չկրեն, դա կարող է ցույցը ցրելու պատճառ դառնալ:
Դեպքի վայրում գտնվող լրագրողների խոսքով՝ գործնականում ոչ ոք դիմակ չի կրում:
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հակառակորդների երթը անցնում է «Հանուն ազատության» լոզունգի ներքո, մասնակիցները Գերմանիայի տարբեր շրջաններից են:
Նրանք ձեռքերում պահում են «Մենք մարդ ենք», «Ամենը սուտ է» պաստառները, ցուցարարները պահանջում են դաշնային կառավարության հրաժարականը և համավարակի պատճառով սահմանափակումների վերացում:









































